ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ Եղիա Կարապետի. ծնվել է 1851 թվականի մայիսի 8-ին Կոստանդնուպոլիսում:  Գրող, փիլիսոփա, բառարանագիր, մանկավարժ, հրապարակախոս, գեղագետ: Սովորել է Կ. Պոլսի Ներսեսյան և Շահնազարյան վարժարաններում: 1874-ին մեկնել է Ֆրանսիա՝ սովորելու, սակայն 1876-ին վերադարձել է Կ. Պոլիս, նվիրվել գրականությանը, կրթական գործին: Հրատարակել է «Դամբարան» (1878), «Փիլիսոփայական բառարան ժողովրդական նախափորձ» (1879) գրքույկները: 1882-ին՝ տեսուչ Կ. Պոլսի վարժարաններում, փիլիսոփայության դասախոս՝ Հայկական կրթարանում: 1883-88-ին հրատարակել է «Գրական և իմաստասիրական շարժում» ամսագիրը, 1884-88-ին՝ «Երկրագունտ», 1886- 1888-ին՝ «Տնտես» ամսագրերի, 1889-ին՝ «Դար» հասարակական-գրական ժողովածուի խմբագիր: Կազմել է «Բառարան ֆրանսերէն-հայերէնը» (1886), որն ունեցել է մի քանի հրատարակություն: 1897-ին շրջագայել է Եվրոպայում:

Նա պոզիտիվիզմի հետևորդ էր: Ըստ նրա՝ բնության, հասարակության և ճանաչողության խնդիրները պետք է քննվեն գիտության նվաճումների լույսով: «Տարերք պատմութեան իմաստասիրութեան» (1891) աշխատությունում քաղաքակրթության ծագումը բացատրել է բնակլիմայական պայմաններով: Մարդու պատմական զարգացումը պատկերացրել է վերընթաց ուղիով, մտքի զարգացման ու առաջընթացի հետ զարգացել են քաղաքակրթությունները, կրոնները, գեղագիտական, բարոյական, փիլիսոփայական օրենքները: Տեմիրճիպաշյանի էվոլյուցիոնիզմը հանգել է պարզ և ուղղակի կապի այն ըմբռնմանը, ըստ որի՝ գիտության ազդեցությամբ վերափոխվում են փիլիսոփայությունը ու գեղարվեստը: Նրան հատուկ է մինչպոզիտիվիստական փիլիսոփայության՝ իր խոսքով՝ «մետաֆիզիկական» էությունից, իդեալիզմից ու մատերիալիզմից վեր կանգնելու միտումը: Տեմիրճիպաշյանի դատողությունների հիմքում ընկած է նյութի գաղափարը, որը վերափոխվում է, բայց չի ոչնչանում:

Տեմիրճիպաշյանի էվոլյուցիայի տեսանկյունից է քննել գեղագիտության հարցերը: Ըստ նրա՝ գեղեցիկի երկարատև էվոլյուցիան առաջադրել է «տգեղի գեղեցկագիտական» խնդիրը: Նրա համոզմունքով՝ յուրատեսակ գեղագիտական եղանակ պետք է կիրառել մանուկների կրթության ու դաստիարակության գործն իրականացնելու համար: Տեմիրճիպաշյանը գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, օրագրեր, ճառեր, դամբանականներ: Արձակ շատ էջերում զբաղվել է ինքնավերլուծումով («Զարգացումն «Եսին»), տեսականորեն բացահայտել «Ենթակայական» գրականության հնագույն արմատները և հետագա պատմական զարգացումը:

Ավելի խոհական, քան զգայական, ավելի մտացածին, քան իրական բնույթ ունի Տեմիրճիպաշյանի պոեզիան, որտեղ ասես իրագործել է «տգեղի գեղեցկագիտության» սկզբունքը՝ յուրովի վերարծարծելով Է. Պոյի և Շ. Բոդլերի թեմաները: Նրա բանաստեղծությունները հատկանշվում են վշտի ու տառապանքի, անդրաշխարհի և նիրվանայի վերաբերյալ խոհերով, խոր ապրումներով և հուզական լարվածությամբ: Տեմիրճիպաշյանի պոեզիայում առկա է նաև խորհրդապաշտության ազդեցությունը:

Հանդես է եկել նաև Պիծակ, Գրասեր, Ատոմ, Ա. Ազատախոհյան, Մոնազն և այլ կեղծանուններով: Ականատես լինելով հայ ժողովրդի տառապանքներին՝ կորցրել է հոգեկան հավասարակշռությունը և ինքնասպան եղել: Մահացել է 1908 թվականի հուլիսի 19-ին Կ. Պոլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., Ե., 1986: Գրքոյկ մը սովորական աշխարհաբարով, ԿՊ, 1879: 

Նոր կեանք, ԿՊ. 1879: Կրթական խնդրոյն վրայ թուղթ առ պատրիարքն հայոց տէր Ներսէս Վարժապետեան, ԿՊ, 1880: 

Աղջկանց դաստիարակութեան վրայ ճառ, ԿՊ. 1890: 

Ազգագրութիւն Տէմիրճիպաշեանց, Վնն., 1900: 

Արձակ Էջեր, նամակներ, քերթուածներ, Փարիզ, 1955:

Գրկ. ԷսաճանյաՆ Լ., Եղիա Տէմիրճիպաշեան. ԿՊ, 1909: 

Ֆեներճյան Գ. Պետրոսյան Հ., Եղիա Տեմիրճիպաշեան, իր կեանքը եւ իր գործը, ԿՊ, 1921:

 Ասատուր Հ., Դիմաստուերներ, ԿՊ. 1955:

 XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից. գիրք 2, Ե. 1980: 

Թոփչյան Ա., Կերպ և իսկություն, Ե.. 1987:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am