ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ Լևոն-Զավեն (Սյուրմելյան Զավեն Լևոնի) ծնվել է 1907 թվականին Տրապիզոնում: Գրող, գրականագետ, թարգմանիչ: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր: Սովորել է Արմաշի երկրագործական դպրոցում, Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, Կանզաս Սիթիի (ԱՍՆ) երկրագործ, քոլեջում: 1924-ին Փարիզում լույս է տեսել նրա «Լոյս զուարթ» բանաստեղծությունների հայերեն գրված միակ գիրքը: Հետագայում ստեղծագործել է անգլերեն:

Սյուրմելյանին մեծ ժողովրդականություն է բերել «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» (1945, հայերեն հրատ.՝ 1980) ինքնակենսագրական վեպը, որտեղ նկարագրված են Մեծ եղեռնի սարսափները: 1950-ին լույս է տեսել «98, 6°» վեպը, որն աչքի է ընկնում հերոսների ներաշխարհի խոր վերլուծությամբ: Սյուրմելյանը հայերենից անգլերեն է թարգմանել «Սասնա ծռեր» (1965) էպոսը և հայկական հեքիաթներ («Անմահության խնձորներ», 1968, ժողովածու): Նրա «Վիպագրության տեխնիկա» աշխատությունն ամերիկյան դպրոցներում օգտագործվում է որպես ուսումնական ձեռնարկ: Մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում: 

ՀԳՄ Խ. Աբովյանի անվան մրցանակ (1983):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Սասնա ծռեր, «էդիթ պրինտ» հրատ., Երևան, 2015 թ.: 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am