ՋԱՀՈՒԿՅԱՆ Գևորգ Բեգլարի ծնվել է 1920 թվականի ապրիլի 1-ին Շահնազար գյուղում (այժմ՝ գյուղ Մեծավան՝ ՀՀ Լոռու մարզում): Լեզվաբան, հայագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968-ից):

ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965): Ավարտել է ԵՊՀ (1941): 1945-ից դասախոսել ԵՊՀ-ում. 1948-57-ին՝ օտար լեզուների, 1957-70-ին՝ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, 1962-ից՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն: Ջահուկյանի աշխատությունները վերաբերում են ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, հայերենի պատմությանը, ժամանակակից հայերենին, հայ բարբառագիտությանը: Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուսերեն, 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988):

Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առնչությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ: Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմական զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը: Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել հնդեվրոպական նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած: ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերականական նոր կարգեր, համընդհանուր լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը: Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբս- տանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը: Հատուկ ուշադրություն Է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին:

Եվրոպայի (1974-ից), ԱՍՆ-ի (1980-ից) լեզվաբանական ընկերությունների անդամ:

ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշան, Մովսես Խորենացու մեդալ:

Մահացել է 2005 թվականի հուլիսի 6-ին Երևանում:

Գրականության ցանկ

 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Քերականական Ա ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954: 

Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Ե., 1959: 

Հայոց լեզվի զարգացումը Ա կառուցվածքը, Ե., 1969: 

Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Ե., 1970: 

Գրաբարի քերականության պատմություն (XVI-XIX դդ.), Ե., 1974: 

Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Ե., 1989: Хайасский язык и его отношение к индоевропейским языкам, Е., 1964; 

Универсальная теория языка. Пролегомены к субстанциональной лингвистике, М., 1999.

Գրկ. Գևորգ Բեգլարի Ջահուկյան, կենսամատենագիտություն, Ե., 2004:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am