ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ, Խաչիկ վարդապետ Դադյան (Դադյան-Տեր-Գրիգորյան Վահան, 1863, գյուղ Զարդանաշեն (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) - 1936), բանահավաք, բանասեր, հնագետ։ 1881-ից դասավանդել է Շուշիի և շրջակա գյուղերի դպրոցներում։ 1888-ին ձեռնադրվելով կուսակրոն՝ ծառայել է Ամարասի Ա. Գրիգորիս և Ջրաբերդի գավառի եպիսկոպոսանիստ Ս. Հակոբ վանքերում։

Պեղել է Առաջաձոր ու Քոլատակ գետերի մերձակա դամբարանաբլուրները, հետազոտել Կաչաղակաբերդը, հավաքել Արցախի և այլ վայրերի հոգևոր կենտրոններում, մասնավոր անձանց մոտ պահպանված հնություններ, ձեռագրեր, ըն-դօրինակել վիմական արձանագրություններ։ 1894-ին դառնալով Էջմիածնի վանքի վարդապետ՝ դրանք հանձնել է տեղի մատենադարանին։ 1898-ին, որպես պարսկահպատակ հայերի հոգևոր առաջնորւփ փոխանորդ, հաստատվել է Սալմաստում և շրջագայելով Պարսկաստանի հայաբնակ վայրերում՝ հավաքել ու Էջմիածնի տնօրինությանն է հանձնել հայերեն և այլալեզու բազմաթիվ ձեռագրեր, վավերագրեր, հնագիտական նյութեր։

1900-04-ին հայտնաբերել է Զվարթնոցի ավերակները, որով սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։ Պեղումներ է կատարել նաև Դվինում, Արմավիրում, հայտնաբերել ուրարտական արձանագրություններ։ Զբաղվել է բանահյուսական նյութերի հավաքմամբ ու հետազոտմամբ, պատմական հուշարձանների նկարագրությամբ, մատենագրական երկերի քննությամբ։ Հետազոտությունների ար-դյունքների մի մասը հրապարակվել է ժամանակի պարբերականներում, մնացածները (անտիպ) պահվում են Մատենադարանում։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am