ԽԱՉԻԿՅԱՆ Լևոն Ստեփանի (1.5.1918, Երևան - 12.3.1982, Երևան), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դ֊ոկտոր (1962), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971, թղթակից անդամ՝ 1968-ից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)։ Մ. Լ. Խաչիկյանի հայրը։ Ավարտել է ԵՊՀ (1940)։ 1949-54-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում և Մատենադարանում (1954-82-ին՝ տնօրեն)։ Աշխատությունները վերաբերում են հայ հասարակական շարժումներին («Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից (IV դ.)», 1951, «14-15-րդ դարերի հայկական գյուղական համայնքի մասին», 1958), հայ հին դպրությանը («Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը», 1963, «Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», 1964), հայ գաղթավայրերի և վաճառականության պատմությանը («Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում XVI-XVII դարերում», 1954, «Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին», 1961, «Սարգիս աբեղայի Ուղեգրությունը», 1970), միջնադարյան հայ կրթական կենտրոնների և գիտական մտքի պատմությանը («Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները», 1946, «Դիահերձումը հին Հայաստանում», 1947)։

Աղբյուրագիտական մեծարժեք ներդրում են Խաչիկյանի կազմած «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (1950) և «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (հատոր 1-3, 1955-67) գործերը։ Մասնակցել է նաև «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը։ Խաչիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Թովմա Սեծոփեցու «Պատմագրությունը» (1999)։ Գիտական մեծ արժեք են ներկայացնում նաև Արտազի և Համշենի հայկական միջնադարյան իշխանություններին նվիրված ուսումնասիրությունները։ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985), Մաշտոցի անվան մրցանակի առաջին դափնեկիր (1969)։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Եղիշեի «Արարածոց մեկնութիւնը», Ե., 1992։ Աշխատութիւններ, հ. 1-2, Ե., 1995-99։

Գրկ. Լևոն Ստեփանի Խաչիկյան, Ե., 1991։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am