ԽԱԼԱԹՅԱՆՑ Գրիգոր Աբրահամի. ծնվել է 1858 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Հայագետ, պատմաբան, բանասեր, մանկավարժ, մշակութային գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1906)։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1868-77), ԱՊՀ-ում (1877-84), կատարելագործվել Գերմանիայում։ 1886-ից դասավանդել է Լազարյան ճեմարանում։ Ուսումնասիրելով Մովսէս Խորենացու, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերն ու դրանց աղբյուրները՝ Խալաթյանցը արել է ոչ ճիշտ եզրահանգումներ պատմիչների գործերի և նրանց ապրած ժամանակների վերաբերյալ («Ղազար Փարպեցի եւ գործք նորին», 1883, «Նամակ առ խմբագրութիւն Եղիշեի աղբիւրների առթիվ», «ՀԱ», 1895, իյօ 4, «Հայոց վեպը Մովսես Խորենացու Հայոց պատմութեան մէջ», 1896, ռուս., «Մովսես Խորենացի և յուր աղբիւրները», 1898 և այլն)։ Խալաթյանցը «Ակնարկ Հայաստանի պատմության...» (ռուսերեն, 1910) աշխատության մեջ շարադրել է Հայաստանի քաղաքական և տնտեսական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև քրիստոնեության պաշտոնական ընդունումը։ «Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ» (ռուսերեն, 1885, գերմաներեն, 1886) բանասիրական երկում աշխատել է ցույց տալ հայերի, սլավոնների և գերմանացիների ժողովրդական հեքիաթների միջև եղած կապը։ Նրա «Ա եւ Բ Մնացորդաց գրքերի նորագիւտ հայ թարգմանութիւնը» (1896) և «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան» (1899) աշխատությունները կարևոր ներդրում են Ս. Գրոց հայերեն թարգմանության պատմության լուսաբանման և Աստվածաշնչի ստեղծման պատմության ուսումնասիրման համար։ Խալաթյանցը նպաստել է նաև ազգագրական գիտության զարգացմանը («Ծրագիր հայ ազգագրութեան և ազգային իրավաբանական սովորութիւնների», 1887), խմբագրել է Մ. Էմինի գործերի «Էմինյան ազգագրական ժողովածու»-ի 1-8 գրքերը (հրատ.՝ 1901-1913-ին)։ Մահացել է 1912 թվականի փետրվարի 8-ին Թիֆլիսում:

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Շահնազարյան Ա., Պրոֆ. Գրիգոր Աբրահամյան Խալաթյան, «ԱՀ», 1912թ., գիրք 22, 1։

Աբրահամյան Ռ., Գրիգոր Խալաթյանց, «Արարատ», 1912թ.:

Աշխատություններ

Զենոբ Գլակ, Վիեննա, 1893թ.։ 

Մարաբա Մծուրնացի կամ կեղծ Ագաթանգեղոս, Վենետիկ, 1898թ.։ 

Հայ Արշակունիք ըստ Մովսէս Խորենացւոյ, Վիեննա, 1906թ.։

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am