ԽՈՒԲՈՎ Եգոր (Գևորգ) Մելիքսեդեկի (1762, Երևան - 1833-ից հետո, քաղաք Ղզլար (Դաղստան)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, մանկավարժ, պատմագիր, բանասեր, բանաստեղծ։ Սերում է միջնադարի Խաղբակյան-Պռոշյան իշխանական տոհմից։ 1769-ից սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում՝ հորեղբոր՝ Սիմեոն Ա Երևանցու հսկողությամբ։ Ավարտելուց հետո դպիրի աստիճանով պաշտոնավարել է (մինչև 1803-ը) վանքում, միաժամանակ զբաղվել ուսուցչությամբ։ 1780-ական թթ-ից մասնակցել է պարսկական և թուրքական բռնակալների դեմ պայքարին։ Հայերի ազատագրության ռուսական կողմնորոշման ջատագով էր։ 1805-ին Մոզդոկում ռուսահայ թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եփրեմ Ձորագեղցուն է հանձնել Ռուսաստանի հովանու տակ անցնելու հայերի խնդրագիրը։ Մոզդոկում գրել է «1778– 1809 թթ. Հայաստանի արժանահիշատակ անցքերի նկարագրությունը» աշխատությունը (1811–ին ռուսերեն թարգմանություն հրատարակվել է Ս. Պետերբուրգում), որի համար Ալեքսանդր I կայսրի հրամանագրով Խուբովին շնորհվել է ադամանդե մատանի։ Ավելի ուշ ճանաչվել է նաև նրա տոհմ, ծագումը, տրվել է ազնվականի տիտղոս։ 1814-ից դասավանդել է Ղզլարի հայկական դպրոցում, 1828-33-ին՝ Աստրախանի հոգևոր ճեմարանում։ Խուբովը  կազմել է պատմագրական «Գաւազանագիրք...» հավաքածուն (երկու խմբագրությամբ պահպանվում է Մատե-նադարանում, ձեռ.  N 18 3755, 10139)։ Խուբովը հաջորդականությամբ շարադրել է հայ ավատատների տոհմաբանությունը, թվարկել մինչև 1814-ը եղած հայ մատենագիրներին, լուսաբանել օտար նվաճողների դեմ Սյունիքում ու Արցախում հայ ժողովրդի՝ շուրջ 15-ամյա զինված պայքարը։ Գրել է նաև «Երգարան» բանաստեղծությունների ժողովածուն (Մատենադարան, ձեռ. N 491)։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Մելիքսեթ-Բեկ Լ., Գևորգ Մէլքիսեդեկյան Խուրով, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1950, 1-2։

 
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am