ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ [ավազանի անունը` Սմբատ). ծնվել է 1153 թվականին Լամբրոնում: Աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, պետական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, շարականագիր: Լամբրոնի բերդատեր Հեթումյան իշխան Օշին Բ-ի որդին: Ուսանել է Սկևռայի վանքում, ապա՝ Հռոմկլայի կաթողիկոսարանի բարձրագույն դպրոցում՝ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու հովանավորությամբ: Վերջինս 16-ամյա Ներսես Լամբրոնացուն ձեռնածել է քահանա՝ տալով իր անունը: 1175-ին Գրիգոր Դ Տղան նրան կարգել է Տարսոն քաղաքի արքեպիսկոպոս: Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ Մեծագործի արքունիքում՝ որպես ատենադպիր, խորհրդատու և թարգմանիչ: Ներսես Լամբրոնացի 12-րդ դարի 2-րդ կեսի Մերձավոր Արևելքի ամենահայտնի եկեղեցաքաղաքական գործիչներից է: Գործուն մասնակցություն է ունեցել Հռոմկլայի եկեղեցական ժողովին (1178-ի ապրիլ) և Կիլիկյան Հայաստանի արտաքին գործերի կարգավորմանը: Եղել է Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնության և պետականության մեծ գաղափարախոսներից: Եկեղեցիների միության հարցում համակարծիք է եղել Ներսես Շնորհալու հետ, այն է՝ բոլոր եկեղեցիների հավասարության սկզբունքի և ավանդական-ազգային դիմագծի պահպանումով հասնել քրիստեական եկեղեցիների համերաշխությանն ու միաբանությանը: Մերժել է Հայ եկեղեցու՝ հույն և կաթոլիկ եկեղեցիների հետ միավորման առաջարկները՝ դրանցում տեսնելով քաղաքական նպատակներ, Հայ եկեղեցու և պետության անկախության դեմ ոտնձգության փորձեր: Հորից ժառանգած նյութ, միջոցներով օժանդակել է դպրոցներին, գրադարաններին, գրչատներին, 30 հազար ոսկի դահեկան նվիրաբերել ձեռագրերի գնմանը, ընդօրինակմանը, վանքերի, եկեղեցիների կառուցմանը: Մեզ են հասել Ներսես Լամբրոնացու կողմից կամ նրա պատվերով ընդօրինակված բազմաթիվ հին հայկական ձեռագրեր, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը (1173)՝ մեզ հասածներից ամենահին և լավագույն ձեռագիրը:

Ներսես Լամբրոնացին թողել է հարուստ ու բազմաժանր մատենագրական ժառանգություն: Նրա առաջին մեկնությունը (գրել է 23-24 տարեկանում) «Պատարագի մեկնութիւն»-ն է («Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ Պատարագին», հրատ.՝ 1847), որը համաքրիստոնեական մեկնող, գրականության և հատկապես Պատարագի մեկնությանը նվիրված նշանակալի երևույթ է ու համաշխարհային ճանաչում ստացած աշխատություն (բազմիցս թարգմանվել և վերահրատարակվել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն և այլ լեզուներով):

Նշանավոր գործերից են «Ատենաբանութիւնը» (առաջին հրատ.՝ 1749, 1810-ին՝ թարգմ. լատիներեն, 1834-ին՝ գերմաներեն, 1865-ին՝ ռուսերեն), որը հայ միջնադարյան հոգևոր ճարտասանության լավագույն կոթողն է իր ձևով ու մարդասիրական գաղափարներով, և հայ բանավիճային գրականության ընտիր նմուշներից համարվող «Թուղթ առ Լեւոն արքայն հայոց»-ը (հրատ.՝ 1838): Ներսես Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականներ և անձամբ երգել («Այսօր յարեաւ», «Նորոգեալ կղգիք», «Որ զլոյս աստուածային» և այլն): Մեծարժեք են նաև նրա թարգմանած գործերը: Մահացել է 1198 թվականի հուլիսի 14-ին: 
 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Գրիգոր Սկևռացի, Ներբողեան ասացեալ ի վարս մեծի քահանայապետի ի Ս. Ներսէսի Լամբրոնացւոյ, «Սոփերք հայկականք», հատոր 15, Վիեննա. 1854թ.:

Ակինյան Ն.. Ներսէս Լամբրոնացի, Վիեննա, 1956թ.:

Հակոբյան Գ., Ներսես Լամբրոնացի, Երևան, 1971թ.:

Անանյան Գ., Ներսէս Լամբրոնացին՝ հրապարակախօս, Անթիլիաս, 1995թ.:

Ստեղծագործություններ 

Մեկնություն Սողոմոնի իմաստության, Երևան, 2004 թ. (համեմատական բնագիրը կազմող և թարգմանիչ՝ Գ. Մնացականյան): 
 
 
 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am