ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ. ծնվել է 1661մ թվականին [1661, Շոռոթ գյուղում (Նախիջևանի գավառ): Գրիչ, նկարիչ, բանաստեղծ, աշուղ: Հովնաթանյան ընտանիքի ներկայացուցիչ: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես (Յոհան) քահանայի մոտ, ապա սովորել Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր (Մատենադարան, ձեռագիր № 3628): Ենթադրվում է, որ Ագուլիսում, Երնջակում, Շոռոթում որմնանկարել է եկեղեցիներ: Ավելի ուշ ստեղծագործել է հաստոցային ու մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում, ճանաչվել հմուտ նկարիչ և վաստակել նաղաշ (արաբ ՝ զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը:

Նաղաշ Հովնաթանի մասին միակ գրավոր աղբյուրը Նաղաշ Հակոբի «Ողբերգություն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ...» ողբն է: Նաղաշ Հովնաթանը 1679-ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան, նկարազարդել Ս. Պողոս-Պետրոս (պահպանված հատվածները՝ ՀՊՊԹ), Զորավոր (Անանիա Առաքյալի) և Կաթողիկե եկեղեցիները: Գրել է «Գովասանութիւն Երեւանայ քաղաքին» տաղը: 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկգբին Թիֆլիսում ստեղծել է դիմանկարներ, սրբապատկերներ, եղել Քարթլիի Վախթանգ VI թագավորի պալատ, երգիչն ու նկարիչը, ձևավորել է նրա նորակառույց պալատը, գրել «Գովեմ սրտիվ ուրախական» երգը: Նաղաշ  Հովնաթանը 1710-ական թվականներին Էջմիածնում նկարազարդել է Մայր տաճարը (ավարտել է 1720-ին): Պահպանվել է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» որմնանկարից հատված (ՀԱՊ): Տաճարի բեմի Եզրապատի Աստվածամոր և առաքյալների պատկերներն առանձնանում են ազգային տիպականացմամբ, դիմանկարչական մեկնաբանումներով, ֆիգուրների գրաֆիկ, ընդգծվածությամբ: Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումով է կատարված «Աստվածամայր» սրբանկարը (Թեհրան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի): Տաճարի զարդանախշերն իրենց շքեղ ու գունագեղ հատվածներով (պահպանվել է գմբեթի հատվածը) երևույթ էին հայկական որմնանկարչական արվեստում:

Նաղաշ Հովնաթանը հայ կերպարվեստ է ներմուծել երևույթների աշխարհիկ ընկալումներ, կիրառել հաստոցային նկարչության սկզբունքներ:

Նաղաշ Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն: Նրա բանաստեղծությունների առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահվում են Երևանի (ձեռնարկ № 3263, 4426) և Վիեննայի (ձեռնարկ № 587, 647) մատենադարաններում: Նաղաշ  Հովնաթանի բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության ու խնջույքի, երգիծական ու խոհախրատական մոտիվներով: Սիրո և բնության երգերում վերարտադրել է մարդկային զգացմունքներն ու տրամադրությունները՝ հնարավորին չափով հեռու մնալով կրոն, կաշկանդումներից: Նաղաշ Հովնաթանի խնջույքի և ուրախության երգերի փիլիսոփայական ելակետն արմատապես տարբերվում է միջնադարյան գրական մտածելակերպից: Միաժամանակ քարոզել է ստեղծագործական աշխատանք, համերաշխություն, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ («Աստուած սիրէի, ում սրտում որ նախանձ կայ՝ հանի»): Զավեշտի ու ժամանցի ուրախ տաղերից բացի, ստեղծել է նաև երգիծանքի («Կատուն մեռաւ, ափսոս ու վախ», «Ով ողորմելի խեղճ կանայք», «Գրէ եկին էշի քարւան»): Ունի նաև կրոնածիսական բնույթի տաղեր: Նաղաշ Հովնաթանը միջնադարի նշանավոր բանաստեղծներից է, 18-րդ դարի հայ աշուղական պոեզիայի հիմնադիրը: Իր աշուղ, խաղերում, ինչպես նաև երգիծական ու խոհախրատական բանաստեղծություններում բողոքել է չարիքի, անարդարության դեմ, քննադատել իրականության հոռի կողմերը, դրվատել գիտությունն ու արվեստը: Նաղաշ Հովնաթանը օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդի լեզվով: Մահացել է 1722 թվականի հոկտեմբերի 28-ին Շոռոթ գյուղում: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Չոպանյան Ա., Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, Փարիզ, 1910թ.:

Ակինյան Ն., Յովնաթան Նաղաշ եւ Նաղաշ Տովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ նկարչական աշխատութիւնք. Վիեննա, 1911թ.:

Մկրտչյան Մ., Նաղաշ Հովնաթան, Երևան, 1957թ.:

Капарян М., Худож пики Овнатаняны, Москва, 1968:

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ, Երևան, 1951թ.:

Տաղեր. Երևան, 1983թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am