ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի. ծնվել է 1829 թվականի նոյեմբերի  2(14)-ին Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) - 31.3(12.4). 1866, ք. Կամիշին (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզում), թաղված է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի բակում], Գրող հրապարակախոս, փիլիսոփա, գրաքննադատ: Սովորել է Նոր Նախիջևանի Գ. Պատկանյանի երկլեզվյան դպրոցում (1837-45): 1848-53-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղար: Հետապնդվելով տեղական իշխանությունների և հոգևորականների կողմից՝ ստիպված թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա: 1853-ին Ս. Պետերբուրգի համալսարանում հանձնել է քննություններ, ստացել հայոց լեզվի ուսուցչի որակավորում: Նույն թվականին աշխատել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1854-58-իև՝ ՄՊՀ բժշկական ֆակուլտետի ազատ ունկնդիր: Մասնակցել է Ս. Ե. Նազարյանի «Հյուսիսափայլ» ամսագրի ստեղծմանը: 1859-ի գարնանը մեկնել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական քաղաքական շրջանակների հետ: 1860-ի ամռանը Ս. Պետերբուրգի համալսարանում պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան: 1860-ին, իբրև Նոր Նախիջևանի հայ հասարակայնության պատվիրակ, մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ քաղաքի կրթական կենտրոնների համար հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի կտակած ժառանգությունը ստանալու: Ճանապարհին կանգ է առել Թիֆլիսում, Վաղարշապատում, շփվել հայ հասարակական-քաղաքական և մշակույթի գործիչների հետ: Կ. Պոլսում Հ. Սվաճյանի հետ ստեղծել է «Երիտասարդների ընկերություն» ժողովրդավար, կազմակերպությունը, գործուն մասնակցություն ունեցել Ազգային սահմանադրությունն իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար ազգային գործիչների մղած պայքարին: Հնդկաստանում հաջողությամբ կատարելով ստանձնած առաքելությունը՝ 1862-ի մայիսին վերադարձել է Ռուսաստան: 1862-ի հուլիսի 14-ին ձերբակալվել է Լոնդոնի ռուս հեղափոխականների՝ ժողովրդավարներ Ա. Գերցենի, Ն. Օգարյովի և սիբիրյան աքսորավայրից փախած Մ. Բակունինի հետ համագործակցելու մեղադրանքով: 1865-ի նոյեմբերին թոքախտով ծանր հիվանդ Նալբանդյանն աքսորվել է Կամիշին, որտեղ և մահացել է:

Հրապարակախոս, երկերում («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը», 1863, հրատ.՝ 1902) Նալբանդյանը ընդլայնել է հայ հրապարակախոսության ոլորտներն ու բովանդակությունը՝ վերլուծելով ժամանակի ազգային, հասարակական կյանքի երևույթները, անդրադառնալով տնտեսական, քաղաքական, մշակութային և փիլիսոփայական հարցերի: Տեղական, մասնավոր բնույթի նշանակություն ունեցող հարցերին տվել է համազգային հնչողություն: Արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները վերլուծել է համազգային շահերի և հեռանկարների դիտակետից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ Նալբանդյանը չի ժխտել եկեղեցու և նրա դրական դերը հայոց պատմության մեջ: «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ վերլուծել է մարդկության պայքարը սոցիալական ու ազգային ազատագրության համար:

Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը: Կրթության և ուսուցման գործում բացառիկ տեղ է հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խ. Ա. Աբովյանի ավանդույթները՝ Ս. Նազարյանի հետ պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագիտության ճառ», 1854-1955, «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարեանք», 1854): Կարևորել է կնոջ դերը կրթության և դաստիարակության գործում:

Հայ իրականության մեջ առաջինն է բարձրացրել գրականության զարգացման համար քննադատության դերի և նշանակության ըմբռնումը («Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի», 1863-64, հրտ.՝ 1935):

Նալբանդյանը հայ գրականության մեջ իրապաշտության հիմնադիրներից է («Մինին խօսք, միւսին հարսն», 1857, «Մեռելահարցուկ», 1859): Նալբանդյանն առաջինն է հայ գրականության մեջ մտցրել ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը: Ստեղծել է քնար, բանաստեղծություններ («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածություն»): Ազատագրական պայքարի, հայրենասիրության գաղափարներն են արտացոլված «Ազատութիւն» (1859), «Մանկութեան օրեր» (1860), «Իտալացի աղջկա երգը» (փոխադրություն,1861) բանաստեղծություններում: «Իտալացի աղջկա երգը» Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն էր, որը, որոշ փոփոխություններով, կրկին դարձել է նորանկախ ՀՀ օրհներգը:


Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Մխիթարյան Մ., Նալբանդյանագիտության հարցեր, ԵՊՀ հրատ., Երևան, 2008թ.:

Շահազիզ Ե., Միքայէլ Լազարեան Նալբանդեանց, Մոսկվա, 1897թ.:

Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հատոր 1,2, Երևան, 1955. 1956թ.:

Սարգսյան Խ.  Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Երևան, 1959թ.:

Դարոնյան Ս., Միքայել Նալբանդյան, Երևան, 1979թ.:

Ինճիկյան Ա., Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2 հրատ., Երևան, 1980թ.:

Թելունց Մ., Միքայել Նալբանդյան (հասարակական-իրավաքաղաքական հայացքները: Նալբանդյանը և նրա ժամանակը), Երևան, 2006թ.:

Ստեղծագործություններ

Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-4, Երևան, 1940-49թ.:

Երկերի լիարժեք ժողովածու, հատոր 1-6, Երևան, 1979-97թ.:

Նալբանդյան, Մ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1985թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am