ՆԱԶԱՐՅԱՆ (Նազարյանց) Ստեփանոս Եսայու. ծնվել է 1812 թվականի մայիսի 15(27)-ին Թիֆլիսում: Հրապարակախոս, լուսավորիչ, մանկավարժ, փիլիսոփա, արևելագետ, գրականագետ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1824-29), Դորպատի (այժմ՝ Տարտու) գիմնազիայում (1833-34) և համալսարանի բժշկագիտական (1835-36) ու փիլիսոփայական (1836-40) ֆակուլտետներում: 1842-1849-ին՝ Կազանի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, 1850-79-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պարսկերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր (1869-71-թթ.՝ Ներսիսյան դպրոցի տեսուչ): 1858-ին Մոսկվայում Մ. Ղ. Նալբանդյանի աջակցությամբ հիմնադրել ու խմբագրել է «Հյուսիսափայլ» ամսագիրը: Նազարյանը լուսավորականության դիրքերից գլխավորել է 19-րդ դարի 50-60-ական թթ. հայ ժողովրդի հակաավատատիրական գաղափարախոսությունը, պաշտպանել ժողովրդի ազատագրության գաղափարը, արծարծել ազգային վերամիավորման հարցեր, եվրոպական մշակույթը յուրացնելու ձգտումներ: Ազգային առաջադիմության գործում վճռական դեր է հատկացրել լուսավորությանը՝ այն առնչելով մայրենի լեզվի զարգացման հետ: Պաշտպանել է աշխարհաբարը, պայքարել աշխարհիկ կրթության զարգացման համար: Ըստ Նազարյանի՝ դաստիարակության մեթոդները պետք է համապատասխանեն երեխաների տարիքային առանձնահատկություններին ու անհատական բնավորությանը:

Փորձել է հաշտեցնել կրոնը գիտության, հավատը՝ բանականության հետ, մերժել է կրոնական անհանդուրժողականությունը: Ընդունել է հոգու անմահության և հանդերձյալ աշխարհի գաղափարները: Պաշտպանել է հոգու և մարմնի փոխներգործության դուալիստ, գաղափարը՝ հանգելով աշխարհի միասնության ըմբռնմանը: Իմացաբանության հարցերը լուծել է մատերիալիստ, սենսուալիզմի դիրքերից: Նազարյանը  անճանաչելի է համարել միայն Աստծուն ու մարդկային հոգին:

Ազատ մրցակցությունը համարել է արտադրության և հասարակակն հարստության բազմապատկման կարևոր գործոն: Նազարյանի կարծիքով՝ երկրի առևտուրը պետք է կապված լինի ազգային արդյունաբերության հետ: Ժխտել է դասակարգային պայքարի գաղափարը: Մարդկային առաջադիմությունը Նազարյանին առավելապես ներկայացել է որպես հոգևոր զարգացում, մտքի նվաճումների անընդհատ ընթացք: Պատմությունը դիտել է որպես իրադարձությունների անհրաժեշտ հաջորդական շղթա: Հանդես է եկել պատմության կրոնական ըմբռնման դեմ, մարդուն համարել իր պատմության ու ճակատագրի տերը: Առաջարկել է հայ ժողովրդի պատմության նոր պարբերացում:

Նազարյանը ժողովրդի գոյության հիմքը համարել է հոգևոր-բարոյական գործոնը, հատկապես լեզուն: Առաջ է քաշել թուրք, բռնակալության դեմ պայքարի և ինքնուրույն պետության ստեղծման գաղափարը:

Բարոյականության հարցերում հիմնվել է կրոնի վրա: Կրոնը համարել է բարոյաբանություն, իսկ բարոյականությունը՝ գործնական կրոն: Քննարկել է կնոջ հասարակական  դերի և ընտանիքի բարոյական հիմքերի հարցը:

Գրականագիտական-գեղագիտական հարցերում Նազարյանը պատմականության սկզբունքի կողմնակից է. պաշտպանել է այն տեսակետը, որ արվեստը ժողովրդի կյանքի արտացոլումն է: Մեծ նշանակություն է տվել գրաքննադատությանը և Մ. Նալբանդյանի հետ մշակել դրա սկզբունքները: Մահացել է 1879 թվականի ապրիլի 27 -ին Մոսկվայում:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Լեո, Ստեփանոս Նագարեանց. հատոր 1-2, Թիֆլիս, 1902թ.:

Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում (1800-1870), հատոր 1, Բաքու, 1916թ.:

Մխիթարյան Մ., «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958թ.:

Կարապետյան Ռ., Ստեփանոս Նագարյանց: Փիլիսոփայական հայացքները, Երևան, 1976թ.:

Նանումյան Ռ., Ստեփանոս Նազարյան, Երևան, 1978թ.:

Հուշեր և հոդվածներ Ստեփանոս Նազարյանի մասին, Երևան, 1996թ.: 

Ստեղծագործություններ

Երկերի ժողովածու, Երևան, 1996թ.:

Երկեր, հատոր 1. Թիֆլիս, 1913թ.:

Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Մոսկվա, 1851թ.:

Առաջին հոգեղեն կերակուր հայազգի երեխաների համար, Մոսկվա, 1853թ.:

Վարդապետարան կրօնի. Մոսկվա, 1853թ.:

Հանդես նոր հայախօսութեան, մաս 1-2, Մոսկվա, 1857թ.:

Տեսական եւ գործնական առաջնորդ ռուս լեզուի ի պետս հայկազեան մանուկների, Թիֆլիս, 1871թ.:

Նամականի, Երևան, 1969թ:


 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am