ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ Միրզայի). ծնվել է 1835 թվականի գյուղ Փայաջուկ գյուղում (Պարսկաստանի Սալմաստ գավառ): Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1847-ին սովորել է Թիֆլիսի Կարապետ Բելախյանցի դպրոցում, 1852-56-ին՝ ռուսական պետական գիմնազիայում։ 1857-58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում. գրառել է ժողովրդի նիստուկացի, ավանդությունների վերաբերյալ տեղեկություններ։ 19-րդ դարի 50-70-ական թթ. գրած բանաստեղծություններում, պոեմներում, վեպերում, վիպակներում («Դժոխքի կապալառուք», «Արան պատերազմի դաշտում», «Սառա», 1874, «Սալբի» (հրատ.՝ 1911), «Հարեմ») հիմնականում արտացոլել է պարսկահայ իրականությունը՝ գաղափարական ելակետ ունենալով լուսավորությունը։ Լուսավորության աշխարհայեցողության սահմաններում էլ Րաֆֆին անդրադարձել է գրականության հասարակական նշանակությանը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար՝ նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր ծայրերում։ «Հարեմ» և «Սալբի» գործերում, պատկերելով ֆեոդալական իրականությունում մարդու իրավունքների ոտնահարումը, բռնության սարսափները, միաժամանակ ստեղծել է գաղափարական հերոսներ, որոնք բանականության օրենքների հիման վրա ձգտել են վերափոխել կյանքը։ 1870-ական թթ-ից աշխատակցել է «Մշակ» (Թիֆլիս) թերթին, որտեղ էլ լույս են տեսել «Գեղեցիկ Վարդիկը» (1872), «Անբախտ Հռիփսիմեն» (1872), «Մի օրավար հող» (1873), «Բիբի Շարաբանի» (1876) պատմվածքները։ 1870-ական թթ. վերջերին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի փոփոխություն է կրել։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի համար։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականութիւնը հայերի մէջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոս, հոդվածներում արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ հարցեր։ «Խաչագողի յիշատակարանը» (1869-70, հրատ.՝ 1882-83) վեպում առաջադրել է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ «Զահրումարը» (1871, հրատ.՝ 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրատ.՝ 1882), «Մինն այսպէս, միւսն այնպէս» (1890) վեպերում պատկերել է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման Եվրոպական դիվանագիտության ուղին՝ Րաֆֆին առաջադրել է ազգային-ագատագրական պայքարի գաղափարը («Խենթը», 1881, «Կայծեր», հատոր 1, 2, 1883, 1887)։ «Դաւիթ Բեկ» (1882) վեպում արտացոլված են 18-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական շարժման իրադարձությունները: «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ-Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամուէլ» (1886) պատմավեպը ընդգրկում է 4-րդ դարի կեսի հայոց պատմության էջերը։ Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Րաֆֆու ստեղծագործության էական մասն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Րաֆֆին որակական նոր աստիճանի է բարձրացրել հայ արձակը՝ մերձեցնելով այն ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին մահացել է 1888 թվականի ապրիլի 4-ին Թիֆլիսում և թաղված է Խոջիվանքի պանթեոնում: Նրա մահից հետո Րաֆֆիի ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Ավթանդիլյան Ա., Պատկերներ Րաֆֆիի կեանքից, Ալեքսանդրապոլ, 1904թ.։
Հայրունի Ա., Րաֆֆի. քննադատը և հրապարակախոսը, «Նաիրի» հրատ., Երևան, 2009թ.:
Պետրոսյան Ե., Րաֆֆի, Երևան, 1959թ.։
Սամվելյան Խ., Րաֆֆի։ Կյանքի ստեղծագործական ուղին, Երևան, 1987թ.։
Սարինյան Ս., Րաֆֆի, Երևան, 1957թ.։
Սարինյան Ս., Րաֆֆի։ Գաղափարների և կերպարների համակարգը, Երևան, 1985թ.։
Սարինյան Ս., Հայոց գրականության երկու դարը (գիրք չորրորդ), «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2004 թ.:
Վանանղեցի Գ., Րաֆֆու վեպերը, Երևան, 1928թ.։
Ստեղծագործություններ
Երկերի ժողովածու, հատոր 1-10, Երևան, 1955-1959թ.։
Երկերի ժողովածու, հատոր 1-10, Երևան, 1962-1964թ.։
Երկերի ժողովածու, հատոր 1-12, Երևան, 1983-1999թ.։
Րաֆֆի, Խենթ, Խաչագողի հիշատակարանը, «Սովետական գրող», Երևան, 1978թ.:
Րաֆֆի, Խամսայի Մէլիքութիինները, Թիֆլիս, 1882թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am