ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ Ներսես Դ Կլայեցի, սուրբ Ներսես Շնորհալի, Երգեցող. ծնվել է մոտ 1100 թվականին Ծովք բերդում: (Ծոփքի նահանգի Անձիտ գավառ): Ամենայն հայոց կաթողիկոս 1166-ից, բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ: Հաջորդել է ավագ եղբորը՝ Գրիգոր Գ Պահլավունուն: Կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ներսես Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն: Արձակից հայտնի է նրա «Թուղթ ընդհանրականը» (հրատ ՝ 1788): Բազմաբովանդակ ու հարուստ է Ներսես Շնորհալու չափածոն: Նա զարգացրել է հայ չափածո խոսքը թե' բովանդակության, թե´ ձևի առումով, շարականին հաղորդել է քաղաքացիական բովանդակություն՝ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Բարձր արվեստով են ստեղծված «Նորահրաշ պսակաւոր», «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիր փառք իմ» երգերն ու արևագալի շարականները: Ներսես Շնորհալուց պահպանվել են մանկավարժական բնույթի բանաստեղծություններ, ուղերձներ, խրատ, ոտանավորներ ու պոեմներ («Առ եղբօրորդին իւր Ապիրատն», «Յաղագս երկնի ու զարդուց նորա»): Հանելուկի՝ իբրև գրակական առանձին ժանրի ստեղծումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու հետ: Նրանից մեզ է հասել ավելի քան 300 հանելուկ: Հայ վիպերգության և վիպաքնարական պոեմների նախօրինակներ են «Վիպասանութիւն...» (1121, հրտ.՝ 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրատ.՝ 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսոա Որդի» (1152, հրատ.՝ 1643) ստեղծագործությունները: «Տիսուս Որդի» վիպական ողբերգությունն առանձնանում է թե՛ բանաստեղծ, մտքի թռիչքներով, և թե´ ժամանակի մարդու հոգեբանության խոր պատկերումով: Ներսես Շնորհալու համոզմամբ՝ ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն է, որը համախմբելու է ժողովրդին՝ կազմակերպելով նրա ինքնուրույն գոյատևումը: Քննելով հասարակական երևույթները՝ Ներսես Շնորհալին, ի տարբերություն իր շատ նախորդների ու ժամանակակիցների, մերժել է ճակատագրապաշտությունը: Ըստ նրա՝ մարդն օժտված է կամքի ու գործունեության ազատությամբ, որով որոշակիորեն ազդում է հասարակական կյանքի վրա: Անդրադառնալով հասարակության զարգացման հարցերին՝ Ներսես Շնորհալին նշել է, որ հինգ հիմնական դասերից (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ վաճառական, երկրագործ կամ հասարակ ժողովուրդ) յուրաքանչյուրը կոչված է որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում: Հետևաբար դրանք պետք է համագործակցեն միմյանց հետ՝ հանուն ազգի բարօրության: Նա փորձել է կայուն օրենքներով և արդարադատության սկզբունքով կարգավորել դասերի փոխհարաբերությունները:
Ներսես Շնորհալին հայ հոգևոր երաժշտության մեծ բարենորոգիչ է. կարգավորել է հայոց պաշտոներգությունը, բարեձևություն հաղորդել դրան: Ներսես Շնորհալու ավելի քան 200 շարականներ, պատարագի ու ժամագրքի երգեր ներկայացնում են միջնադարի հայոց հոգևոր երգարվեստի պատկերը, միաժամանակ անդրադարձնում այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր՝ հնարավորություն ընձեռելով խորամուխ լինելու Ներսես Շնորհալու արվեստի փիլիսոփայական կողմերի մեջ, այն է՝ ձգտում դեպի գեղարվեստական կատարելություն: Նրա հոգևոր երաժշտության մեջ նկատվում է արևելյան և արևմտյան արվեստների միաձուլում, հայ ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործում, մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացում: Մահացել է 1173 թվականի օգոստոսի 13-ին Հռոմկլայում:
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը 1978-ին սահմանել է Ս. Ներսես Շնորհալու շքանշան:
Կաթողիկոս, գահին Ներսես Դ Կլայեցուն հաջորդել է Գրիգոր Դ Տղան:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ալիշան Դ, Շնորհալի եւ պարագայ իւր, Վենետիկ., 1873թ.:
Հակոբյան Գ., Ներսես Շնորհալի, Երևան, 1964թ.:
Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին Երգահան և երաժիշտ, Երևան, 1973թ.:
Ստեղծագործություններ
Ներսէս Շնորհալի, Հաւատով խոստովանիմ, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ.:
Բանք չափաւ, Վենետիկ, 1830թ.:
Նամականի, Վենետիկ, 1838թ.:
Յաղագս երկնի եւ զարդուց նորա..., Երևան, 1968թ.:
Ողբ Եդեսիոյ, Երևան, 1973թ.:
Տաղեր և գանձեր, Երևան, 1987թ.:
Յիսուս Որդի, աշխարհաբարի փոխադրումը՝ Վ Ղազարյանի. Երևան, 1991թ.:
Թուղթ ընդհանրական. Երևան, 1991թ.:
Արեւագալ, Ս. էջմիածին-Վենետիկ, 1991թ.:
Տաղեր և շարականներ, Երևան, 2003թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am