Գևորգ (Ժորա) Բաբկենի ԹոսունյանԹՈՍՈՒՆՅԱՆ Գևորգ (Ժորա) Բաբկենի: Ծնվել է 1934 թվի մարտի 8-ին, Ջավախք գավառի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում՝ հողագործի ընտանիքում: Տեղի ութամյա դպրոցը գերազանց առաջադիմությամբ վերջացնելուց հետո կարմիր դիպլոմով ավարտել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը և ապա Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը: 1954-1956 թվերին ծառայել է խորհրդային բանակում: Ինստիտուտն ավարտելուց հետո, այն է՝ 1962-1966 թվերին հայոց լեզու և գրականություն է դասավանդել  Հայաստանի Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղի միջնակարգ և Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի ութամյա  դպրոցներում:

 Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի հրավերով 1966  թվին աշխատանքի է անցել  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝  նախ ակադեմիայի նախագահությանը կից համաբարբառի բաժնում, իսկ 1978 թվականից սկսած՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. սկզբում եղել է կրտսեր գիտաշխատակից, այնուհետև՝ բաժնի վարիչ առաջատար գիտաշխատակցի հաստիքով: Լեզվի ինստիտուտից աշխատանքից ազատվել է 2008 թվին, երբ Երուսաղեմի հայոց միաբանության կողմից հրավեր է ստացել պաշտոնավարելու Ժառանգավորաց վարժարանում: Համատեղության կարգով 1985-1991 ուսումնական տարիներին միաժամանակ գրաբար է դասավանդել  Խրիմյան Հայրիկի անվան N 10 թեքումով դպրոցում, 1991-1994 թթ.՝ Երևանի պետական համալսարանում,  1991-1994, 2000-2006 թթ.՝մանկավարժական ինստիտուտում և տարբեր մասնավոր (Մովսես Խորենացի, Հր. Աճառյան, Վիլյամ Սարոյան)  բուհերում,  իսկ 1995-1998, 2006-2012 ուսումնական տարիներին եղել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի գրաբարի ու հայոց լեզվի պատմության դասախոսը: Պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ և ստացել  նախ բանասիրական գիտությունների թեկնածուի և ապա՝ դոկտորի   գիտական աստիճանները:  Հրատարակել է “Գրաբարի նախադրությունները (5-11–րդ դարեր)”, “Գրաբարի բառարանագրությունը”  մենագրությունները, գրաբարի բուհական դասագիրքը (հեղինակակից՝ Լ. Խաչատրյան), մեր դասական հեղինակների ասույթները սկզբից մինչև մեր օրերը (երեք գիրք), կազմել է բնագրային համաբարբառներ (Եզնիկ Կողբացի, Գր. Նարեկացի, Մ. Ուռհայեցի): Գրաբարից աշխարհաբար է թարգմանել Հովհ. Դրասխանակերտցու և Վարդան Արևելցու պատմությունները, Ալիշանի “Արցախը և Ուտիքը”, Հովհան Դարդելի “Ժամանակագրությունը”, Մսեր Գրիգորյանցի “Հաւատոյ հանգանակը”, “Հայոց նոր վկաները”, արևմտահայերենից արևելահայերենի է վերածել՝ գերմաներեն բնագրի հետ համեմատելով, Յոհաննես Լեփսիուսի “Հայ ժողովրդի ջարդերը” գիրքը, կրոնական բնույթի գրքեր է թարգմանել նաև ռուսերենից հայերեն: Գրաբարի և հայոց լեզվի պատմության վերաբերյալ “Պատմաբանասիրական հանդես”, “Լրաբեր”, “Բանբեր Երևանի համալսարանի”, “Էջմիածին”, “Մայրենի”, “Սովետական Հայաստան”, “Լեզու և լեզվաբանություն”, հանդեսներում, Վիեննայի “Հանդէս ամսօրեայ”, Երուսաղեմի “Սիոն” պարբերականներում  հրատարակել է ավելի քան երկու հարյուր հոդված: Լաբորանտներ Վ. Առուստամյանի և Գ. Բաղդասարյանի հետ կազմել և 1990 թվին ավարտել է գրաբարի ընդարձակ հանգաբառարանը, իսկ գիտաշխատակիցներ Լ. Սահինյանի և Ա. Սահակյանի հետ՝ ժամանակակից հայերենի բառազուգորդումների բառարանը (2007 թ.), որոնք դեռ անտիպ են: Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ կազմել և հրատարակել է Մեծ եղեռնին զոհ գնացած արևմտահայ բանաստեղծների չափածոյի փոքրիկ ընտրանին՝ “Սարսուռներ” վերնագրով:  Խմբագրել է ավելի քան 500 մամուլ աշխատանք՝ համաբարբառներ, շարականների ժողովածուներ, գրաբարի բառարաններ՝  դասագրքեր՝ գիտական աշխատություններ և այլն: Այժմ մասնակցում է Աստվածաշնչի համառոտ բառարանի կազմման աշխատանքներին: Գ. Թոսունյանն իր բարեխիղճ աշխատանքի համար 1970 թվին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է  “Աշխատանքային արիության համար”, իսկ 1987 թվին ԽՍՀՄ Գերագուն խորհրդի կողմից՝ “Աշխատանքի վետերան” մեդալներով: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը 1981 թվին նրան շնորհել է “Գովեստագիր”, իսկ 2003 թվին Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝  “Պատվոգիր”: Մահացել է 2018 թվականի հունվարի 7-ին:

 

 

Գրականության ցանկ

Կողբացի Ե., Եղծ Աղանդոց, ԵՊՀ հրատ., Երևան, 1994:

Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979:

Դրասխանակերտցի Հ., Հայոց Պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան 1996:

 Արևելցի Վ., «Տիեզերական պատմություն», ԵՊՀ հրատ., Երևան, 2001:

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am