ԹՐՈՒԱՅԱ Անրի (Թորոսյան Լևոն Ասլանի, ծնվել է 1911 թ. նոյեմբերի 1-ին Մոսկվայում: Գրող, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1959): Թրուայան ոչ ֆրանսիացի առաջին գրողն է, որին շնորհվել է այդ ակադեմիայի «քառասուն անմահներից» մեկը լինելու պատիվը: 1920-ին հաստատվել է Ֆրանսիայում: Ավարտել է Փարիզի իրավաբանական գիտությունների ակադեմիան: Ստեղծագործել է ֆրանսերեն և ռուսերեն: Գրական ասպարեզ է մտել «Խաբուսիկ լույս» (1934) վեպով: Լույս է ընծայել «Սարդը» և «Ձկնորսանոց» (երկուսն էլ՝ 1938, Գոնկուրյան մրցնակներ՝ 1938), «Ընդհանուր գերեզման» (1939), «Քանի աշխարհը կա» (հատոր 1-3, 1947-1950, պատմում է իր տոհմի մասին), «Սգավոր ձյունը» (1952, Պրենս Ռենիե դը Մոնակոյի մրցանակ, հայերեն հրատ.՝ 1974, հայկական համանուն կինոնկար՝ 1978), «Ցանք և հունձք» (հատոր 1-5, 1953-58), «Արդարների լույսը» (հատոր 1-5, 1955-1962), «Էգլեթիերների ընտանիքը» (հատոր 1-3, 1965-1967, հայերեն հրատ.՝ 1980), «Մոսկվացին» (հատոր 1-3, 1974-1975) և այլ վեպեր: Թրուայան գրել է նաև կենսագրական վեպեր («Տոլստոյ», 1965, «Մեծն Եկատերինան», 1977, «Պետրոս Մեծ», 1979, «Ալեքսանդր I», 1981 և այլն): «Հայաստան-Ֆրանսիա» ընկերության պատվավոր անդամ: Մահացել է 2007 թվականի մարտի 2-ին Փարիզում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am