ԶԱՐՅԱՆ (Եղիազարյան) Կոստան Քրիստափորի, ծնվել է 1885 թվականի փետրվարի 2-ին Շամախիում: Գրող։ Ծնվել է ռուսական բանակի գեներալի ընտանիքում։ Ա.Կ. Զարյանի հայրը։ Զարյանը, Ա. Շիրվանզադեն և Հ. Աբելյանը երեք քույրերի որդիներ են։ Ավարտել է Փարիզի Սեն-Ժերմեն կոլեժը, այնուհետև՝ Բրյուսելի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը։ Հայերենին հմտացել է Վենետիկի Մխիթարյանների մոտ՝ 1910-13-ին, 1916-ին հրատարակել է «Երեք երգեր» պոեմների գիրքը (իտալերեն, հայերեն հրատ.՝ 1931)։ Պոեմների թեմաներով իտալացի կոմպոզիտոր Օ.Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ 1913-ին փոխադրվել է Կ. Պոլիս և 1914-ին հրատարակել «Մեհյան» հանդեսը (Գ. Բարսեղյանի, Հ. Օշականի հետ)։ 1919-ին, որպես իտալերեն թերթերի հատուկ թղթակից, գործուղվել է Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հայաստան։ 1922-ին Կ.Պոլսում հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը (Գ. Գալֆայանի, Վ. Թեքեյանի և Շ. Պերպերյանի հետ)։ 1922-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան, ԵՊՀ-ում դասավանդել է եվրոպական գրականության պատմություն։ 1925-ից ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքի երկրներում։ Նյու Յորքում լույս է ընծայել «Արմինիըն քորթըրլի» (1946) հանդեսը։ 1944-46-ին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1962-ին տեղափոխվել է Երևան, աշխատել ԳԱԹ-ում (1962-69)։
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ավագյան Ա., Կոստան Զարյան. Կյանքը և գործը, Երևան, 1998թ.։
Ստեղծագործություններ
Երկեր, Երևան, 1985թ.։
Նավատոմար (Հոդվածներ, էսսեներ, օրագրեր, ճամփորդական նոթեր), Երևան, 1999թ.։
Սպանիա, Երևան, 1999թ.։
Դեպի Արարատ, Երևան, 2001թ.։
Միացյալ Նահանգներ, Երևան, 2002թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am