ԶՈՐՅԱՆ (Առաքելյան) Ստեփան Եղիայի. ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի (3(15)-ին Ղարաքիլիսա քաղաքում (այժմ՝ Վանաձոր): Գրող։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։ Լ.Ա. Զորյանի հայրը։ Ավարտել է Ղարաքիլիսայի ռուսական դպրոցը (1904)։ 1906-ին տեղափոխվել է Թիֆլիս։ 1909-11-ին աշխատել է «Սուրհանդակ», 1912-19-ին՝ «Մշակ» թերթերի խմբագրություններում։ 1919-ին վերադարձել է Հայաստան, 1919-20-ին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում, 1922-25-ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմատի հրատարակչության գլխավոր խմբագիր, 1950-54-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար։1918-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների ժողովածուն, որը կյանքի ու մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ նոր որակ էր հայ գրականության մեջ։ Սոցիալիալական չարիքի պատկերման առումով Զորյանի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917, համանուն կինոնկար՝ 1985, Հայֆիլմ)։ «Պատերազմ» (1925) ժողովածուում զետեղված պատմվածքներում («Պատերազմ», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» (համանուն կինոնկար՝ 1968, Հայֆիլմ)) անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին։ «Հեղկոմի նախագահը» (1926, համանուն կինոնկար՝ 1977, Հայֆիլմ), «Գրադարանի աղջիկը» (1926) վիպակներում և «Ամիրյանի ընտանիքը» (1921, հրատ.՝ 1963) վեպում պատկերել է 20-րդ դարի 20-ական թթ. բարդ ու հակասական իրադրությունը։
Զորյանը ստեղծագործել է նաև մանուկների և պատանիների համար («Խուժան Արշոն», 1928, «Չալանկը», 1930, «Մի գիշեր անտառում», 1931, «Սև Սեթոն», 1935, պատմվածքներ, «Հեքիաթներ», 1941 և այլն)։ Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» (գիրք 1-2, 1935-39) վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է։
Զորյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունի «Հուշերի գիրքը» (1958), որտեղ տրված են Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Մ. Գորկու, Ա. Շիրվանզադեի և այլոց վավերագրական դիմանկարները։ Զորյանը հեղինակ է գրական, քննադատական, բազմաթիվ հոդվածների։
Հայ թարգմանչական արվեստի նշանավոր գործերից են Լ. Տոլստոյից, Ի. Տուրգենևից, Վ. Գարշինից, Մ. Տվենից, Ս. Ցվայգից Զորյանի կատարած թարգմանությունները։ Մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում:
ՀԳՄ 1980-ին սահմանել է Զորյանի անվան լավագույն թարգմանության համար ամենամյա և 1983-ին՝ մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակներ։ Վանաձորում գործում է Զորյանի տուն-թանգարանը։
ԽՍՀՄ (1954-58, 1958-62, 1966-67) և ՀԽՍՀ (1963-67) ԳԽ պատգմավոր։
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Աղաբաբյան Ս., Ստեփան Զորյան, Երևան, 1955թ.։
Սարգսյան Խ., Ստեփան Զորյան, Երևան, 1960թ.։
Մկրտչյան Հ., Ստեփան Զորյան, Երևան, 1977թ.։
Ստեղծագործություններ
Երկերի ժողովածու, հատոր 1-12, Երևան, 1977-1990թթ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am