ԱՃԱՌՅԱՆ Հրաչյա Հակոբի ծնվել է 1876 թվականի մարտի 8(20)-ին Կ. Պոլիսում: Լեզվաբան, բանասեր։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1924)։ Ավարտելով Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը՝ 1893-ին պաշտոնավարել է Գատըգյուղի Արամյան դպրոցում, 1894-ին՝ Կարինի Սանասարյան վարժարանում։ 1895-ից սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Ա. Մեյեին, ապա՝ Ստրասբուրգում՝ Հ. Հյուբշմանին։ 1898-1923-ին ուսուցչություն է արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում։ 1923-ից՝ ԵՊՀ դասախոս, ամբիոնի վարիչ։
«Հայոց անձնանունների բառարանում» (հատոր 1-5, 1942-1962) Աճառյանը հավաքել և ուսումնասիրել է 5-8-րդ դարերի հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները, տվել դրանց մեծ մասի ստուգաբանությունը։
«Հայոց լեզվի պատմությունը» (հատոր 1-2, 1940-51) աշխատության մեջ քննել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը։ Հայաստանի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (հատոր 1-6, 1952-1971, Ներածություն, 1955) աշխատությունը։ Ի մի է բերել 19-20-րդ դարերի հայերենի պատմական ու համեմատական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումները։
Աճառյանը ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը («Ս. Մեսրոպի եւ գրերու գիւտի պատմութեան աղբիւրներն ու անոնց քննութիւնը», 1907, «Հայոց գրերը», 1928), կազմել հայ հին ձեռագրերի ցուցակներ («Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի», 1910, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր Բայազետի», 1924, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Թեհրանի», 1936 և այլն)։ Բանասիրական ուշագրավ ուսումնասիրություն է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկա նորգիւտ ձեռագրին», 1904, համահեղինակ)։
Փարիզի լեզվաբան, ընկերության անդամ (1897), Չեխոսլովակիայի արևելագիտական ինստիտուտի գիտ. բաժնի թղթակից անդամ (1937)։ Հ. Աճառյանը մահացել 1953 թվականի ապրիլի 16-ին Երևանում:
Աճառյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտը, համալսարան, դպրոց (№ 72), փողոց՝ Երևանում։
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հատոր 2, Երևան, 1962թ.։
Ղարիբյան Ա. Ս., Հայ լեզվաբանության խոշորագույն ներկայացուցիչը, ՊԲՀ, 1966թ., № 2։
Հրաչյա Հակոբի Աճառյան (կենսամատենագիտություն), Երևան, 1956թ.։
Աշխատություններ
Աճառյան Հ., Պոլսահայ անգիր բանահյուսություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2009թ:
Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, ԵՊՀ հրատ., 2005 թ.:
Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն /Մաս առաջին/, ԵՊՀ հրատ., 2013 թ.:
Թուրքերէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Վաղարշապատ, 1902թ.։
Կյանքիս հուշերից, Երևան, 1967թ.։
Հայ գաղթականության պատմություն, Երևան, 2002թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am