ԱԴԱՄՈՎ Արթուր (Ադամյան Հարություն Սուրենի), ծնվել է 1908 թվականի օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում: Թատերագիր, գրող: 1914-ին ծնողների հետ տեղափոխվել է Եվրոպա, 1924-ին հաստատվել Փարիզում: Կրթությունն ստացել է Մայնցում, Ժնևում: 1930-ական թթ. մասնակցել է ֆաշիստական խմբավորումների դեմ պայքարին: Վիշիի կառավարության դեմ ելույթների համար նետվել է Արժելեի համակենտրոնացման ճամբարը (1941): 1946-ին հրատարակել է «Խոստովանություն» ինքնակենսագրական վիպակը: Լինելով «աբսուրդի թատրոնի» ղեկավարներից՝ գրել է «Պարոդիա», «Ներխուժում» (երկուսն էլ՝ 1950), «Բոլորը բոլորի դեմ» (1951), «Ուսուցիչ Տարանը» (1952, հայերեն հրտ.՝ «Պրոֆեսոր Տարանը», 1983), «Մարդիկ իրար վերագտնում են» (1953), «Պինգ-պոնգ» (1955) պիեսները: 1957-ին անցում է կատարել դեպի սոցիալ-քաղաքական թատրոնը: «Պաոլո Պաոլի» (1957) պիեսում պատկերել է Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիների սոցիալ-պատմական իրականությունը: «Յո-թանասունմեկի գարունը» (1961) ողբերգությունն արտացոլել է Փարիզի կոմունայի դեպքերը: Կյանքի վերջին տարիներին համադրել է նախորդ երկու շրջանների գեղագիտական ըմբըռնումները («Մնացուկների քաղաքականությունը», 1962, «Սրբազան Եվրոպա», 1966, «Մուտքն արգելված է», 1966, «Պարոն Չափավորը», 1968, «Չափից դուրս», 1968 և այլն): Ադամովը նաև բանաստեղծ էր, թատրոնի տեսաբան («Աստ և Արդ», 1964), արձակագիր («Այր և Մանուկ», 1968), թարգմանիչ (գերմաներենից, ռուսերենից): 

Մահացել է 1970 թվականի մարտի 15-ին Փարիզում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Theatre, V. 1-4, P., 1953-68.

Գրկ. Մխիթարյան Ս., Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փարիզ, 1969: 

Tacguart E., Le the'atre de dirision, P., 1974.

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am