ԱԴՈՆՑ (Տեր-Ավետիքյան) Նիկողայոս Գևորգի ծնվել է 1871 թվականի հունվարի 10-ին Բռնակոթ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Պատմաբան, բյուզանդագետ, բանասեր: Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր (1916): Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները (1899): Դասախոսել է նույն համալսարանում, պրիվատ-դոցենտ՝ 1909-ից: 1916-17-ին մասնակցել է Վանի, Մուշի և Էրզրումի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: 1920-ից ապրել է Լոնդոնում, Փարիզում: 1931-42-ին դասավանդել է Բրյուսելի համալսարանում՝ միաժամանակ ղեկավարելով տեղի հայագիտության ամբիոնը:

Ադոնցի շուրջ 100 գիտական աշխատություններ վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզական հարաբերություններին («Պատմական ուսումնասիրություններ», 1948), հայ-հունական բանասիրությանը («Դիոնիսիոս Թրակացին ն հայ մեկնիչները», 1915, ռուսերեն): «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908, ռուսերեն, հայերեն հրտ.՝ 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքին, հայ-բյուզական հարաբերություններին, նախարար, տոհմերին առնչվող խնդիրներ, առաջին անգամ գիտականորեն վերլուծել հայկական ավատատիրության, հայ գյուղացիության հարցերը: Հատուկ քննության առարկա է դարձրել հայ գյուղացիության պատմությունը («Հայ հին շինականությունը», 1927): Արժեքավոր են Ադոնցի աղբյուրագիտական և բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդին: 1930-ական թթ. վերջին Ադոնցը ձեռնարկել է շարադրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը լույս է տեսել ֆրանսերեն(1946) և հայերեն (1972): Զբաղվել է նաև գրականագիտությամբ: Հայ հասարակական-քաղաքական հարցերում ունեցել է ազգային-պահպանողական կողմնորոշում, կողմնակից է եղել խաղաղ զարգացմանը, լուսավորությանը՝ առանց քաղաքական ցնցումների: «Քաղաքական հոսանքները հին Հայաստանում» (1927) աշխատության մեջ Ադոնցը հին Հայաստանի պատմության հիմնական շարժիչ ուժը համարել է ազնվականությանը: Ադոնցը անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության զանազան հարցերի («Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում», 1902, «Հայ ծաթերի ծագման մասին», 1911, ռուսերեն, «Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ», 2003 և այլն): «Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը» (ֆրանսերեն, 1936) երկում Ադոնցը վերլուծել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գրական-գեղարվեստական արժանիքները: Ադոնցի՝ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածները լույս են տեսել «Հայկական հարց» ընդհանուր խորագրով (1999):

Մահացել է 1942 թվականի հունվարի 27-ին Բրյուսելում:

Գրականության ցանկ

Ադոնց Ն, Հայոց նախարարությեան ծագումը, «Հայ ճեմարան» հրատ., Պեյրութ, 1949 թ.:

Ադոնց Ն., Պատմական ուսումնասիրութիւններ, Փարիզ, 1948 թ.:

Ադոնց Ն., Երկեր. հատոր Ա, պատմագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2006 թ.:

Ադոնց Ն., Երկեր, հատոր Բ, պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ, Երևան, 2006թ.:

Ադոնց Ն, Երկեր, հատոր Գ, հայրենագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ, Երևան, 2008թ.:

Ադոնց Ն., Երկեր. հատոր Դ, քննական պատմություն հայոց, ԵՊՀ հրատ., Երևան, 2009 թ.:

Ադոնց Ն., Երկեր. հատոր Ե, հայ-բյուզանդական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.:

Ադոնց Ն., Երկեր. հատոր Զ, (լրացուցիչ հատոր) հրապարակախոսություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.:

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Յուզբաշյան Կ., Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը, ՊԲՀ, 1962, № 4:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am