ԱՂԱՅԱՆ Էդուարդ Բագրատի. ծնվել է 1913 թվականի մարտի 16-ին Մեղրիում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1946), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ`1953-ից: ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1970): Ավարտել է ԵՊՀ (1938): 1939–1992-ին` ԵՊՀ դասախոս, 1956–1986-ին` ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, 1952–1992-ին, միաժամանակ`ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանության պատմության, համեմատական քերականության և ստուգաբանության հարցերին («Լեզվաբանության ներածություն», 1952, «Հայ լեզվաբանության պատմություն», հատոր 1–2, 1958–62, «Գրաբարի քերականություն», հատոր 1, գիրք 1, 1964, «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», 1967): Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (հատոր 1–2, 1976) ներառում է աշխարհաբար գրականության մեջ գործածված հայերենի գրեթե ողջ բառապաշարը, ժամանակակից հայերենի դարձվածաբանությունը. պարունակում է 135,600 բառ և 11,000 դարձվածաբանական միավոր: Հեղինակ է դպրոցական դասագրքերի, բուհական ձեռնարկների («Լեզվաբանության հիմունքներ», 1987): ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր (1980–90): Մահացել է 1992 թվականի դեկտեմբերի 29-ին Երևանում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Էդուարդ Բագրատի Աղայան [կենսամատենագիտություն], Երևան, 1985թ.:
Աշխատություններ
Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1984թ.:
Աղայան Է. Հայ լեզվաբանության պատմություն, հատոր 1, ԵՊՀ հրատ, Երևան 1958թ.:
Աղայան Է. Հայ լեզվաբանության պատմություն, հատոր 2, ԵՊՀ հրատ, Երևան 1962թ.:
Լեզվի ծագումը և զարգացումը, Երևան, 1948թ.:
Լատիներեն լեզվի քերականություն, գիրք 1, Երևան, 1950թ.:
Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ, Երևան, 1957թ.:
Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Երևան, 1974թ.:
Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին, Երևան, 1977թ.:
Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984թ.:
Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Երևան, 1986թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am