ԱՂԱՅԱՆ Ղազարոս Ստեփանի ծնվել է 1840 թվականի ապրիլի 4(16)-ին, Բոլնիս Խաչեն գյուղում (այժմ՝ գյուղ Բոլնիս՝ Վրաստանի Բոլնիսի շրջանում): Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ: Մ. Ղ. Աղայանի հայրը: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1853), այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ: 1859-1962 թթ. գրաշար է աշխատել Թիֆլիսում, 1862-1967-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
«Արութիւն և Մանուել» (1867) և «Երկու քոյր» (1872) վեպերին հաջորդել են «Սէրը արտաքսուած» (1889), «Բաժանութիւն» (1881) պատմվածքները, «Թեմական տեսուչ» (1881) անավարտ գործը, «Քեորօղլի» վիպերգի դրվագների մշակումները (1887, 1893, 1898), «Իմ կեանքի գլխաւոր դեպքերը» (1894) հուշագրությունը: Աղայանը արտացոլել է 19-րդ դարի 50-80-ական թթ. հայ հասարակակական կյանքի համակողմանի պատկերը, գյուղի սոցիալական շերտավորումը:
Գրել է ազգային, լուսավորական, քաղաքական ու սոցիալական, պատմական բովանդակությամբ բազմաթիվ չափածո երկեր՝ «Ճախարակ» (1882), «Ձմեռ» (1884), «Տորք Անգեղ» (1888): Արժեքավոր են Աղայանի մանկական բանաստեղծությունները, հեքիաթները («Սրինգ հովուական», 1882, «Բանաստեղծութիւններ», 1890):
Իբրև մանկավարժ՝ Աղայանը շարունակել է Խ. Աբովյանի լուսավոր, հայացքները: Մշակել է ուրույն կրթադաստիարակչական համակարգ («Խորհրդածութիւններ դաստիարակութեան վրայ», 1869, «Ուսումն մայրենի լեզուի», 1875, դասագրքի պրակները): Աղայանի ժառանգության զգալի մասն են կազմում լեզվական լեզվամեթոդական հարցերին նվիրված հոդվածները, որոնք նպաստել են գրական աշխարհաբարի զարգացմանը: Աղայանը թարգմանել է Շեքսպիրի, Շիլլերի, Հայնեի և այլոց ստեղծագործություններից: Ղ. Աղայանը մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում: Թաղված է Խոջիվանքի պանթեոնում:
Աղայանի անունով են կոչվել դպրոց և փողոց Երևանում, ՀՀ այլ բնակավայրերում, Բոլնիսում, կիսանդրին կանգնեցված է Երևանի համանուն դպրոցի և Բոլնիսի տուն-թանգարանի բակերում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ասատրյան Ա.. Ղազարոս Ադայան. կյանքն ու գործունեությունը, Երևան, 1940թ.:
Աստվածատրյան Վ., Աղայանը մանկավարժ, Երևան, 1947թ.:
Ավթանդիլյան Ա., Ղազարոս Աղայանի աշխարհայացքը, Երևան, 1983թ.:
Ղազարոս Աղայան (1840-1911) (Մատենագիտություն), Երևան, 1972թ.:
Ստեղծագործություններ
Երկեր, հատոր 1-4, Երևան, 1962-1963թթ.:
Աղայան Ղ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am