ԱՎԵՏԻՔՅԱՆ Գաբրիել. ծնվել է 1751 թվականի սեպտեմբերի 19-ին Կ. Պոլիսում: Լեզվաբան, քերական-բառարանագիր, բանասեր, աստվածաբան: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1773): Ավարտել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանը, 1785-ին նշանակվել «Նորընծայից» ուսուցիչ, 1786-ին ձեռնադրվել քահանա, 1799-ին՝ ընդհանուր աթոռակալ, 1824-ին հրաժարվել է հոգևոր պաշտոններից: Եղել է գրաբարի քաջ գիտակ, տիրապետել է հունարենին, լատիներեին, իտալերենին և այլն:
«Ա» տառով հոդվածները, կատարել մի շարք ստուգաբանություններ: Գրել է իտալերենի քերականությունը («Քերականութիւն թօսքանեան լեզուի աւանդեալ ի հայ լեզու հանդերձ տաճկական թարգմանութեամբ», 1792), որը իտալերեն-հայերեն համեմատական քերականություն է:
Ավետիքյանը գրել է մեկնողական բազմաթիվ Երկեր («Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ», հատոր 1-3, 1806-12): Ուսումնասիրել է հայ հոգևոր բանաստեղծությունը, քննել շարականների ցանկը, մեկնել բովանդակությունը և տեղեկություններ հաղորդել դրանց հեղինակների և կիրառության մասին («Բացատրութիւն շարականաց...», 1814): Բացառիկ արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի մեկնությունը («Նարեկլուծ», 1801), որտեղ հմտորեն օգտագործելով ձեռագիր ու տպագիր աղբյուրները, մաքրել է բնագիրը աղճատումներից: Նույն եղանակով մեկնաբանել է նաև Գրիգոր Նարեկացու ներբողներն ու գանձը («Արբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկացւոյ երկրորդ մատեան ճառից», 1827):
Ավետիքյանը գրել է նաև ճառեր, քարոզներ («Մտածութիւնք...», 1810, «Խորհրդածութիւնք...», 1836), թատերգություններ, բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ: Մահացել է 1827 թվականի դեկտեմբերի 24-ին Վենետիկում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Սարգիսյան Բ., Երկհարիւամեայ գրական գործունեութիւն եւ նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան, Վենետիկ, 1905, էջ 64-76:
Երեմյան Ա., Ազգային դէմքեր: Գրագէտ հայեր, շարք 2, Վենետիկ, 1913, էջ 227-229:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am