ԲԺՇԿՅԱՆ Մինաս Մանուկի. ծնվել է 1777 թվականի հոկտեմբերի 15-ին  Տրապիզոնում: Բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, վարպետ (1804): Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում: 1808-ին մեկնել է Ս. Ղազարից և կրթական, մանկավարժական գործունեություն ծավալել Կ. Պոլսում, Տրապիզոնում հիմնել է դպրոցներ: 1825-ին բնակություն է հաստատել Ղրիմի Ղարասուբզար (այժմ` Բելոգորսկ) բնակավայրում, հիմնել եկեղեցի և դպրոց: 1845-ին մեկնել է Սևաստոպոլ, ապա` Վենետիկ: «Ճեմարան գիտելեաց» (1815) աշխատության մեջ Բժշկյանը ներկայացրել է հունա-հռոմեական դիցաբանությունը և ժողովուրդների քաղաքակրթության աստիճանները: «Հմտութիւն մանկանց» (մաս 1–4, 1818) դասագրքում (աշխարհաբար) ներկայացրել է Արևելքի մի շարք ժողովուրդների ազգագրությունը: Ճանապարհորդելով Սև ծովի ափերով (1817–19)` գրել է «Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (1819) աշխատությունը, որտեղ աշխարհագրական, պատմական, ճարտագիտական, հնախոսական, ազգագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի, թուրքերի և այլ ժողովուրդների մասին: Բժշկյանը «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830) պատմաաշխարհագրական բնույթի աշխատության մեջ ներկայացրել է Անի քաղաքի պատմությունը, «Քերականութիւն ռուսերէն–հայերեն…»-ի (1828) մեջ` ռուսերենի և հայերենի քերականությունները զուգահեռաբար, «Քերականութիւն հայկազեան լեզուի…» (1840) գրքում քննել հայերենի հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության մի շարք հարցեր: «Քերականութիւն բազմալեզու…» (1844) գիրքն ընդգրկում է հայերենի և արևելյան այլ լեզուների քերականության սկզբունքները (այս գրքի համար Բժշկյանը արժանացել է Ռուսական կայսրության ոսկե մեծ մեդալին): Գրել է նաև «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (1850) կենսագրական բառարանը: Ֆրանսերենից գրաբար է թարգմանել Եզովպոսի առակները («Առակք Եզոպոսի», 1818) և Յ. Բ. Կամպեի «Նոր Ռոբինզոնը» («Պատմութիւն վարուց Ռոպէնսօնին Քռիւզօյէ», 1817): Բժշկյանը հետաքրքրվել է նաև ազգային երգարվեստի, միջնադարյան խազագրերի և հայկական ձայնագրության նոր համակարգի խնդիրներով: Ունի երաժշտագիտական անտիպ աշխատություն` «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելեւէջութեանց եղանակաց եւ նշանագրաց խազից» (1815): Մահացել է 1861 թվականի նոյեմբերի 26-ին Վենետիկ: 


Գրականություն ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
 
Տայան Ղ., Հայ արդի ձայնագրութիւնը և Մինաս Բժշկեան, «Գեղունի», 1927թ.:
 
Բդոյան Վ., Հայ ազգագրություն, Երևան, 1974թ.: 

Ջահուկյան  Գ.,  Գրաբարի  քերականության  պատմություն  (XVI–XIX դդ.),  Երևան,  1974թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am