ՉԵՐԱԶ Մինաս Գրիգորի. ծնվել է 1852 թվականի հուլիսի 13(25)-ին Կ.Պոլիսում:  Բանաստեղծ, հասարակական և մշակութային գործիչ, մանկավարժ: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում: Տիրապետել է մի քանի լեզուների: Գրականության պատմություն և լեզուներ է դասավանդել Կ. Պոլսի վարժարաններում: 1878-ին հայոց պատվիրակության կազմում մասնակցել է Բեռլինի վեհաժողովին: 1880-ից Ա. Փ. Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերություն բարեգործական կազմակերպությունը: Լինելով պատրիարք Ն. Վարժապետյանի մասնավոր պատվիրակը՝ 1880-ին եղել է Անգլիայի վարչապետ Գլադստոնի մոտ, խնդրել նրա միջամտությունը՝ հայկական գավառներում Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումներն իրականացնելու համար: 1883-ին նույնպիսի առաքելությամբ մեկնել է Ֆրանսիա և Իտալիա: 1886-89-ին՝ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրեն: 1889-ին հաստատվել է Լոնդոնում, հրատարակել «Արմենի» ֆրանսիական գրական-քաղաքական թերթը: 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջի հայագիտական ամբիոնի հիմնադիր-ղեկավար: 1898-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1906-ը շարունակել է տպագրել «Արմենի» թերթը: 1908-ին ընտրվել է Կ. Պոլսի Ազգային ժողովի նախագահ, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու հետ մեկնել է Ս. Պետերբուրգ, հանդիպել ցարին և վարչապետ Ստոլիպինին: 1912-ին ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակության կազմում: 1914-ին հաստատվել է Փարիզում:

Չերազը լույս է ընծայել «Գրական փորձեր» (ժողովածու, 1874), «Ազգային դաստիարակութիւն» (1876), «Թէ ի՞նչ շահեցանք Պերլինի վեհաժոդովեն» (1878, ֆրանսերեն, հրատարակել է անգլերեն կառավարությունն իր «Կապույտ գրքում», 1916), «Հայաստան եւ Իտալիա» (1879), «Գրիչ եւ սուր» (հատոր 1, 1881) գրքերը, «Արեւելեան վիպակներ» (1927) ժողովածուն: Ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել է Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի և ուրիշների ընտիր երկերից՝ «Հայ բանաստեղծներ» խորագրով, հավաքել ու ֆրանսերեն տպագրել է Կ. Պոլսի շրջակայքում բնակվող տարբեր ժողովուրդների առածների, ավանդույթների, սովորույթների և պատումների ժողովածուն:

Ֆրանսիայի Ասիական թագավորության, Արևելքի բանահյուսության, Լորիանի, Անտվերպենի աշխարհագրական  և այլ ընկերությունների անդամ: Մահացել է 1929 թվականին Փարիզում: 


Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Ալպոյաճյան Ա., Մինաս Չերազ, Կահիրե, 1927:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am