ՉՈՊԱՆՅԱՆ Արշակ Հովհաննեսի. ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլիսում: Գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895-ին՝ «Ծաղիկ» կիսամսյա թերթի խմբագիր: 1895-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898-1911, նոր շրջան՝ 1929-49) գրական-գեղարվեստական հանդեսը: Մասնակցել է «Վերածնունդ» (1917-19), «Ապագա» (1921-24) թերթերի խմբագրմանը: Չոպանյանի բանաստեղծություններին բնորոշ են իրականությունն իրատեսորեն արտահայտելու ձգտումը («Արշալոյսի ձայներ», 1891, «Թրթռումներ», 1892, «Քերթուածներ», 1908, ժողովածուներ): Լույս է ընծայել «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խաւեր կամ Բամբասանք» (1893), «Հրաշքը» (1923) դրամաները: Իր նշանակությամբ հայ գրականության մեջ առանձնանում է Չոպանյանի քննադատական գործունեությունը: Չոպանյանը նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ: Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» (1902), «Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը» (1910), «Հայ էջեր» (1912), «Հայրէններու բուրաստանը» (1940) և այլ աշխատություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Չոպանյանն առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղեղարվեստական ստեղծագործություն և նրան դասել համաշխարհային գրականության հսկաների շարքին: Ստեղծել է Խ. Աբովյանի, Րաֆֆու, Ղ. Ալիշանի, Հ. Պարոնյանի, Պ. Պռոշյանի, Ա. Շիրվանզադեի, Համաստեղի և ուրիշների էսսե-դիմանկարները (մեծ մասն ամփոփված է «Դէմքեր» ժողովածուում, հատոր 1, 2, 1924, 1929)՝ տալով գրողների ընդհանրացված, համակողմանի և դիպուկ բնութագրերը, բացահայտելով նրանց ստեղծագործական մտածողության ու ոճի էական գծերը: Չոպանյանի գեղագիտական հայացքների հիմքն իրապաշտական արվեստի սկզբունքներն են, թեև նա բարձր է գնահատել նաև ռոմանտիկ, ուղղության պատմական նշանակությունը: Անդրադարձել է նաև հայ նոր գրականության գործիչներին (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ)՝ հաճախ առաջինը տալով նրանց ստեղծագործությունների ինքնատիպության բնութագիրը, և արևմտաեվրոպական ու ռուս գրողներին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հատոր 1-3, 1918-29) ժողովածուում: Մահացել է 1954 թվականին հունիսի 8-ին Փարիզում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ֆեներճյան Գ., Արշակ Չոպանեան Կենսագրական եւ մատենագրական նօթեր, Փարիզ, 1983թ.:
Դալլաքյան Կ., Արշակ Չոպանյան Կյանքը և գործը, Երևան, 1987թ.:
Ս. Լօրելլիի նամակներն Արշակ Չոպանեանին, Բեյրութ, 1998թ.:
Ստեղծագործություններ
Երկեր, Երևան, 1966թ.:
Երկեր, Երևան, 1988թ.:
Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949թ.:
Մկրտիչ Պեշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, 1907թ.:
Պետրոս Դուրյանի կյանքը և գործը, 2 հրատ., վերամշակված, Երևան, 1967թ.:
Նամականի, Երևան, 1980թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am