ՉՐԱՔՅԱՆ Տիրան Գասպարի, Ինտրա. ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 11-ին Կ. Պոլիսում: Բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա: Սովորել է Կ. Պոլսի Ս. Խաչ նախակրթարանում (1881-85), Պերպերյան վարժարանում (1886-91): Հաճախել է նաև Կ. Պոլսի Գեղարվեստից վարժարանը: 1897-ին մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու: 1895-1915-ին (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայկական վարժարաններում: 1906-ին տպագրվել է Չրաքյանի «Ներաշխարհ» արձակ պոեմը, որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակեն դիտուած» (1906), «Կարծիքներ եւ կարծողներ» (1908) հոդվածներում: 1908-ին լույս է տեսել «Նոճաստան» սոնետների ժողովածուն: Գրել է նաև էսսեներ, ճամփորդ, ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն: 1914-1918-ին ծառայել է թուրքական բանակում՝ որպես թարգման-քարտուղար: Այդ շրջանում ի հայտ են եկել նրա հոգևոր ճգնաժամի նշանները: 1921-ին ձերբակալվել է խռովություն սերմանելու մեղանդրանքով և արտաքսվել Դիարբեքիր: Չրաքյանի ստեղծագործություններին բնորոշ է ապրումների և մտածումների խոր ու համակողմանի վերլուծությունը: Իր իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» իմաստասիրական եւ գեղարվեստական հանգամանքների մեկ սկզբնատիպ միացումն է»: Ըստ Չրաքյանի՝ նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած են լույսն ու եթերը: «Նոճաստան»-ում նույնպես լույսն այն հիմքն է, առանց որի չկա ո՛չ կյանք, ո՛չ գեղարվեստ: Չրաքյանի փիլիսոփայական խորհրդածություններն իդեալիստական բնույթ ունեն: Անչափելին՝ տիեզերքը, չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են: Նա քննադատել է Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը, զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը՝ մարդու փոխարեն չափի հիմքում դնելով անհունը: Մահացել է 1921 թվականի հունիսի 6-ին Սլիվան քաղաքում (Աղձնիքի նահանգ):

Գրականության ցանկ
 
Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Թոփչյան Ս., Ճշմարիտը և գեղեցիկը Տիրան Չրաքյանի էսթետիկայում. հայ էսթետիկական մտքի պատմությունից, գիրք 2, Երևան, 1976թ.:

Դեմիրճյան Պ., Վարք Ինտրայի, Երևան, 2003թ.:

Ստեղծագործություններ

Երկեր, Երևան, 1981թ.:

Ներաշխարհ, Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am