ՎԱՐՈՒԺԱՆ Դանիել (Չպուգքյարյան Դանիել Գրիգորի). ծնվել է 1884 թվականի ապրիլի 20-ին Բրգնիք գյուղում (Սեբաստիայի նահանգ): Բանաստեղծ, հասարակական գործիչ։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1902-05), Գենտի (Բելգիա) համալսարանում (1905-09)։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ, կազմակերպել հանդեսներ, բանախոսություններ թատերական ներկայացումներ։ Հրատարակել է «Նավասարդ» (Հ. Սիրունու հետ) տարեգիրքը, մասնակցել «Մեհյան» (1914) հանդեսի խմբագրմանը։ 1906-ին հրատարակել է «Սարսուռներ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որը նոր գաղափարներ ու ոճ է բերել հայ գրականություն։ Բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դարձրել իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։ Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու հակասասական կապերի մասին («Մուսային», «Ավագանին ձուկերուն», «Երազ և խոհ»)։ «Ցեղին սիրտը» (1909) ժողովածուն նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան, հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման տակ բարոյապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի մեջ հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլև իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։ «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր բովանդակությամբ շարունակվում են հայ գրականության ռոմանտիկական ավանդույթները։ Այն հայ ժողովրդի ողբերգության և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։ Արվեստի նոր ուղղության, ոճի, բովանդակության երևույթ էր «Հեթանոս երգեր» (1912) բանաստեղծությունների ժողովածուն։ Այն հայ գրականության մեջ 20-րդ դարասկզբին ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունը ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման։ Գրքի երկու («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») բաժիններում Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ Ասպետական դարերի փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ. դա գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու՝ ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի իր իդեալներին («Գեղեցկություն արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «O˜ Տալիթա», «Հարճը»)։ Լիարյուն ու ներդաշնակ, բնականորեն անեղծ մարդու իդեալը մի այլ աշխարհի սկիզբ է դառնամ «Հացին երգը» (1921) բանաստեղծական շարքում։ Մահացել է 1915 թվականի օգոստոսի 26-ին: Մեծ Եղեռնի զոհ:

Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Վարուժանի անունով կոչվել են դպրոցներ, փողոցներ։ Գենտի համալսարանում տեղադրված է հուշատախտակ։

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Գրական ասուլիսներ, Դ. Վարուժանի «Հեթանոս երգերը», Կ. Պոլիս, 1913թ.։ 

էսաճանյան Լ., Դանիէլ Վարուժան, Պուքրեշ, 1940թ.։ 

Սարգսյան Գ , Վարուժանի ստեղծագործական կյանքը. Երևան, 1947թ.։ 

Ճիզմեճյան Դ , Դանիէլ Վարուժան. Կահիրե, 1955թ.։ 

Յուշամատեան Դանիէլ Վարուժանի (Փարիզ), 1958թ.։

Ռշտունի Հ., Դանիել Վարուժան, Երևան, 1961թ.։

Պատրիկ Ա., Դանիէլ Վարուժանն իմ յուշերում, Բեյրութ, 1968թ.։ 

Գաբրիելյան Վ., Դանիել Վարուժան, կյանքը և գործը, Երևան, 1978թ.։ 

Սեվակ Պ., Վարուժանի պոեզիան, երկերի ժողովածու, հատոր 6, Երևան, 1976թ.։

Ստեղծագործություններ

Վարուժան Դ., Ցեղին սիրտը, Արևիկ հրատ., Երևան, 1991թ.:

Տրտունջք, Սեբաստիա, 1911թ.։ 

Երկեր, Երևան, 1946թ.։

Բանաստեղծություններ, Երևան, 1955թ.։ 

Երկեր, Երևան, 1969թ.։

 



 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am