ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, Դավիթ Ներգինացի, Դավիթ Արմենիոս ծնվել է մոտ 475 թվականին, Ներգին գյուղում (Տարոնի գավառ): Դավիթ Անհաղթը փիլիսոփա, տրամաբան, նորպլատոնականության ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ է: Սովորել, ապա երկար տարիներ դասավանդել է Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոցում (Ալեքսանդրիա): «Անհաղթ» պատվանունը ստացել է հրապարակային փիլիսոփայական վեճերում տարած հաղթանակների համար: Ծեր տարիքում վերադարձել է հայրենիք, գլխավորել հունական դպրոցը, վճռական դեր խաղացել հայ աշխարհիկ փիլիսոփայության պրոբլեմատիկայի և տերմինաբանության ձևավորման բնագավառում: Իր գործունեությամբ հարուցել է պահպանողական կղերի դժգոհությունը, հալածվել է, հեռացել Հաղպատ: Հետագայում եկեղեցին, գնահատելով նրա ծառայությունները, դասել է սրբերի շարքը, աճյունը տեղափոխել և ամփոփել Մշո Առաքելոց վանքում: Նրան են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի», «Մեկնաբանութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտելի» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտելի» երկերը: Դավիթ Անհաղթը քննադատել է ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, ապացուցել աշխարհի ճանաչելիության հնարավորությունը և անհրաժեշտությունը, հաստատել փիլիսոփայության գոյության իրավունքը և այդ կապակցությամբ առաջադրել փիլիսոփայության վեց սահմանումներ, որոնք վերցրել է Պյութագորասից, Պլատոնից և Արիստոտելից: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից, պաշտպանել Աստծու՝ որպես ամեն ինչի պատճառի և արարչի, գոյության տիեզերաբան, ապացուցման սկզբունքը: Աստված անճանաչելի է, սակայն Աստծուն կարելի է մոտենալ՝ ճանաչելով նրա արարած բնությունը: Դավիթ Անհաղթի իմացաբանությունը շեշտված մատերիալիստ, բնույթի է: Ճանաչողության գործընթացը, ըստ նրա, ունի զգայական ու բանական ձևեր և զգացության, երևակայության, կարծիքի, դատողականության ու բանականության աստիճաններ, առաջին չորս աստիճանները փորձի, արվեստի և գիտության հիմքն են, իսկ բանականությունը՝ փիլիսոփայության, այն ճանաչում է իրերի մեջ ընդհանուրը և անփոփոխը, նրանց էությունը: Առաջադրելով գիտությունների դասակարգման հարցը՝ նա կենտրոնում դրել է «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը»՝ փիլիսոփայությունը: Գիտությունների ստորին՝ նախապատրաստական աստիճանում զետեղել է քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը կամ դիալեկտիկան, վերջինս իր զարգացման բարձր մակարդակում տեսական և գործնական փիլիսոփայության հետ կազմում է բուն փիլիսոփայության մասը: Տեսական փիլիսոփայության մասերն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան: Գործնական փիլիսոփայության մասերն են բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը: Գիտությունների «անհաղթյան» դասակարգումը նպաստել է գիտության տարբեր ճյուղերի ինքնորոշմանը և դարձել միջնադարյան կրթության հիմքը: Մարդու իդեալը, ըստ Դավիթ Անհաղթի, կատարյալ փիլիսոփան է, նա նման է Աստծուն և օգնում է ուրիշներին՝ նմանվելու Աստծուն: Փիլիսոփայությունը տվել է ընդգծված բարոյագիտական ուղղվածություն, մեծ տեղ հատկացրել մարդու հիմնախնդրի քննարկմանը: Դավիթ Անհաղթը տրամաբանական գիտության հիմնադիրն է Հայաստանում, որը նա դիտել է որպես փիլիսոփայության մաս և գործիք, հիմնական կորիզը համարել ապացուցման դեդուկտիվ եղանակների, հավաքաբանության (սիլլոգիզմ) մասին ուսմունքը: Տրամաբանական կատեգորիաների և գործողությունների ծագումը բացատրում է որպես մարդկանց գործնական կարիքների ծնունդ: Ունիվերսալիաների հիմնահարցը լուծել է չափավոր ռեալիզմի դիրքերից (այդ ձևը հետագայում ընդունել են Իբն Սինան, Թովմա Աքվինացին և ուրիշներ):
1820-ական թթ. սկսած՝ հայ և այլազգի անվանի շատ գիտնականներ բազմիցս իրականացրել են Դավիթ Անհաղթի երկերի հրատարակությունները և դրանց պատմաբանասիրական ուսումնասիրությունը: 1980-ին ՅՈՒՆԵԱԿՕ-ի որոշմամբ նշվել Է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը: Երևանում նրա անունով կոչվել են փողոց և հրապարակ, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Արևշատյան Ս. Ս., Դավիթ Անհաղթը Հին Հայաստանի ականավոր փիլիսոփա, Երևան, 1980թ:
Բրուտյան Գ. Ա., Դավիթ Անհաղթի ուսմունքը տրամաբանության մասին, Երևան, 1980թ.:
Դավիթ Անհաղթը՝ Հին Հայաստանի մեծ փիլիսոփան (ժողովածու), Երևան, 1983թ.:
Чалоян В. К., Философия Давида Непобедимого, Ереван, 1946.
Аревшатян С. С., Формирование философской науки в Древней Армении (V - VI вв.), Ереван, 1973.
Философия Давида Непобедимого (сборник), Москва 1984.
Աշխատություններ
Մատենագրութիւնք, Վենետիկ, 1932թ.:
Սահմանք իմւսստասիրութեան: Համահավաք քննական բնագիրը և ռուսերեն թարգմանությունը՝Ս. Արևշատյանի, Երևան, 1960թ.:
Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտելի: Համահավաք քննական բնագիրը և ռուսերեն թարգմանությունը՝ Ս. Արևշատյանի, Երևան, 1967թ.:
Դավիթ Անհաղթ: Մատենագիտական ցանկ, Երևան, 1980թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am