ԴԵՄԻՐՃՅԱՆ (Դեմիրչօղլյան) Դերենիկ Կարապետի ծնվել է 1877 թվականի, փետրվարի 6(18)-ին, Ախալքալաքում: Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1892-94), ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898), սովորել Ժնևի համալսարանում (1905-09): Հ. Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծված «Վերնատուն» (1899) գրական ընկերության հիմնադիրանդամներից: 1910-ին վերադառնալով Թիֆլիս՝ դասավանդել է Սարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցում, 1925-ին հաստատվել է Երևանում:

Գրական գործունեությունն սկսել է բանաստեղծություններով («Բանաստեղծութիւններ», գիրք 1-2, 1899-1913), որոնց բնորոշ են վշտի, հուսահատության, միայնության տրամադրությունները: Դեմիրճյանը ընդգծել է կյանքի ունայնությունը («Կեանքի տեսիլ», 1913, պոեմ), դրվատել է ժողովրդի ուժն ու նրա անմահությունը («Լենկթեմուր», պոեմ): Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) բանաստեղծությունների, քառյակների ժողովածուն:

Հոգեբանախոհական խոր վերլուծումներով են նշանավորվում Դեմիրճյանի 1910-ական թթ. գրած թատերգությունները («Վասակ», 1912, «Դատաստան», 1916, «Յովնան Մեծատուն», 1919), պատմվածքները («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան»): Թատերգություններում դատապարտել է եսասիրական շահերը համազգային շահերից գերադասող անհատներին, որոնք ի վերջո հասնում են բարոյական կործանման: Պատմվածքների հիմնական թեման աղճատված մարդկային հարաբերություններն են՝ կուտակելու տենչը, ընչաքաղցությունը, եսասիրությունը: «Միայն մեկը» (1922), «Հանգստի տանը» (1924), «Կայարանի Ակոբը» (1925), «Սաթոն» (1929), «Մերկե» (1929) պատմվածքների, «Ռաշիդ» (1929), «Նիգյար» (1930) վիպակների, ինչպես նաև բազմաթիվ ակնարկների, ֆելիետոնների թեման 1920-30-ական թթ. կյանքում կատարվող նոր հարաբերություններն ու տեղաշարժերն են: Դեմիրճյանի այս շրջանի ստեղծագործության գլուխգործոցը «Քաջ Նազար» կատակերգությունն է («Նորք», 1923-24, բեմ.՝ 1924, համանուն կինոնկար՝ 1940), որի հենքը ժողովրդական հեքիաթն է: 1930-ական թթ. իրականության բացասական երևույթներն են ընդհանրացված «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934) պիեսներում: 1930-ական թթ. երկրորդ կեսի և 1940-ական թթ. Դեմիճյանի ստեղծագործական ուղին բնութագրվում է դարձով դեպի պատմական թեմատիկան («Գիրք ծաղկանց», 1935, պատմվածք, «Երկիր հայրենի», 1939, պիես, բեմ.՝ 1938): «Վարդանանք» պատմավեպում (գիրք 1-2, 1943-46, վերամշակված հրատ.՝ 1951) Դեմիճյանը գեղարվեստորեն իմաստավորելով պատմական իրադարձությունները՝ հասել է խոհափիլիսոփայական ընդհանրացումների: Վեպի հիմքում ընկած է հայրենիքի պաշտպանության վճռական պահին ձևավորված երկու հակադիր ուղղությունների պայքարը: Սպարապետ Վարդան Մամիկոնյանի և մարզպան Վասակ Սյունու միմյանց հակադրվելու քաղաքականությունը հասցնում է կործանման: Կյանքի վերջին տարիներին Դեմիճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է: Ստեղծագործել է նաև մանուկների համար («Պույպույ մուկիկը», 1934, «Արջուկ-լրջուկը», 1944, «Ծտապար», 1947 և այլն): Թարգմանել է Ա. Պուշկինի, Ն. Գոգոլի, Ա. Չեխովի և այլոց ստեղծագործություններից: Դ. Դեմիրճյանը մահացել 1956 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում:

Դեմիճյանի անունով են կոչվել դպրոցներ Երևանում և Ախալքալաքում, Երևանում գործում է Դեմիճյանի տուն թանգարանը (1977-ից), ՀԳՄ սահմանել է Դեմիճյանի անվան ամենամյա մրցանակ (1980-ից): 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Գնունի Ա., Ավարայր, Էջմիածին,Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԲ (Բ), 2015թ.:

Դեմիրճյան Դ., Տարեգրություն, մատենագիտություն, Երևան, 1977թ.: 

Թամրազյան Հ., Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1976թ.: 

Խաչատրյան Մ., Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքը, Երևան, 2004թ.:

Հախումյան Տ., Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, 1958թ.:

Մուրադյան Հ., Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1961թ.:  

 

Ստեղծագործություններ

Դեմիրճյան Դ., Երկեր, Գիրք առաջին, «Սովետական գրող», Երևան, 1977թ.:

Դեմիրճյան Դ., Երկեր, Գիրք երկրորդ, «Սովետական գրող», Երևան, 1977թ.:

Դեմիրճյան Դ, Վարդանանք, Գիրք Ա, «Հայաստան» հրատ., Երևան, 1968թ.: 

Դեմիրճյան Դ, Վարդանանք, Գիրք Բ, «Հայաստան» հրատ., Երևան, 1968թ.:

Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, «Հայաստան» հրատ., Երևան, 1994 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am