ՉԱՐԵՆՑ (Սողոմոնյան) Եղիշե Աբգարի. ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ: Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական դպրոցներում (1908-12), Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում (1916-1917), 1922-ին, իբրև ունկնդիր, ընդունվել է Մոսկվայի Վ. Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել: 1924-ի նոյեմբերի 20-ից մինչև 1925-ի հուլիսը եղել է արտասահմանում: 1926-28-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի, «Նորք» ամսագրի խմբագրություններում, 1928-35-ին՝ Հայպետհրատում: 1912-17-ին հետևել է սիմվոլիզմի գրական ուղղությանը («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Հրո երկիր», 1913-16, «Տեսիլաժամեր», 1915, «Ծիածան», 1917, բանաստեղծական շարքեր): Իրական աշխարհից դուրս Չարենցն այդ տարիներին որոնել է երազային մի եզերք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել ցնորքն ու ցանկությունները: Այդ տարիներին նա հայտնաբերել է միակ ու անփոխարինելի սրբությունը՝ հայրենիքը, որն իր աչքի առաջ ծվատվում էր Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին և վերածվում դանթեական դժոխքի («Կապուտաչյա հայրենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916, «Վահագն», 1916, «Ազգային երագ», 1917): 1918-21-ին և 1922-24-ին ստեղծած բանաստեղծական շարքերը, պոեմներն ու բալլադներն առանձնանում են հեղինակի ռոմանտիզմով ու «ձախ» տրամադրություններով («Սոմա», 1918, «Ամբոխները խելագարված», 1919, «Ողջակիզվող կրակ», 1918-20, «Նայիրի երկրից», 1920, «Ռոմանս անսեր», 1920, «Չարենց-Նամե», 1922): Նրա ստեղծագործության մեջ առանձնակի հնչողություն ունի հայրենասիրական թեման («Տաղարան», 1920-21, «Մահվան տեսիլ», 1920): 1925-32-ի Չարենցի պոեզիան խորհրդանշվում է «ձախ» տրամադրությունների հաղթահարմամբ ու հոգեբանական ռեալիզմի սկզբունքների հաստատմամբ («Պոեմ հերոսական», 1925, «Խմբապետ Շավարշ», 1929, «Լիրիքական անտրակտ», 1927-30, «Էպիքական լուսաբաց», 1930): 1934-ին լույս է տեսել Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որտեղ զետեղված են «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Նորք» պոեմները, որոնցում նա փիլիսոփայական խորհրդածության է վերածել իր ժողովրդի պատմական ճակատագիրը: 1935-37-ը Չարենցի ստեղծագործական գործունեության ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով: Այդ տարիներին նա գրել է «Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե»,«Իմ լերան աղոթքը», «Մի ամայի վայրում, չգիտեմ որտեղ» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերգությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը, բազմաթիվ բանաստեղծություններ ու էպիգրամներ: Չարենցի պոեզիան առանձնանում է գրական ժանրերի, տաղաչափ, ձևերի, լեզվաոճական տարրերի ու պատկերավորման միջոցների բազմազանությամբ: Չարենցը կատարել է նաև թարգմանություններ: 1937-ին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել: Մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում: Անհատի պաշտամունքի զոհ:
Չարենցի անունով են կոչվել Չարենցավան քաղաքը, Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում՝ դպրոցներ, փողոցներ, գրադարաններ: Երևանում գործում է Չարենցի տուն-թանգարանը, Օղակաձև զբոսայգում կանգնեցված է նրա հուշարձանը (1987, քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան): ՀԳՄ սահմանել է Չարենցի անվան մրցանակ:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Աղաբաբյան Ս., Եղիշե Չարենց, հատոր 1,2, Երևան, 1973, 1977թ.:
Գաբրիելյան Վ., Չարենցյան ընթերցումներ, ԵՊՀ հրատ., Երևան, 2007 թ.:
Թամրազյան Հ., Եղիշե Չարենց, Երևան, 1981թ.:
Հակոբյան Ս., Եղիշէ Չարենց. Վիեննա, 1924թ.:
Չարենց Ա., Չարենցի ձեռագրերի աշխարհում, Երևան, 1973թ.:
Գասպարյան Դ., Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Երևան, 1983թ.:
Գասպարյան Դ., Ողբերգական Չարենցը, Երևան, 1990թ.:
Դավթյան Ռ., Չարենցը և արվեստը, Երևան, 2005թ.:
Եղիշե Չարենց. Բիբլիոգրաֆիա, Երևան, 1957թ.:
Քալանթարյան Ժ., Եղիշե Չարենց, ԵՊՀ հրատ., 2012թ.:
Ստեղծագործություններ
Չարենց Ե., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1983թ.:
Երկերի ժողովածու, հատոր 1-2, Երևան, 1922թ.:
Երկերի ժողովածու, հատոր 1-6, Երևան, 1962-1968թ.:
Երկերի ժողովածու, հատոր 1-4, Երևան, 1986-1987թ.:
Հատընտիր, Երևան, 1987թ.:
Ընտիր երկեր, Երևան, 1997թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am