ԷՄԻՆ Գևորգ (Մուրադյան Կառլեն Գրիգորի), ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 30-ին, Աշտարակում: Հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Ավարտել է ԵՊԻ (1940), Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները (1956)։ 1951-54-ին՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից, 1968-1972-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր, 1973-98-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Էմինի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Նախաշավիղը» (1940), կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են։ «Խաղաղության ծխամորճը» (1942) ժողովածուն նրա պոեզիային բերեց քաղաքացիական հատուկ շունչ և ուղղվածություն։ «Նորքը» (1946, ժողովածուն) վկայեց բանաստեղծի ստեղծագործական որոնումների հասունացումը։ Հաջորդ ժողովածուներում ավելի որոշակի դարձան Էմինի պոեզիայի ոճն ու թեմատիկ նախասիրությունները («Նոր ճանապարհ», 1949, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951, «Որոնումներ», 1955, «Մինչև այսօր», 1959, «Երկու ճամփա», 1962, «Այս տարիքում», 1968, «Քսաներորդ դար», 1970, «Դար, հող, սեր», 1974, ռուսական, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1976, «Ճամփաբաժան», 1979, «Ախ, այս Մասիսը», 1980 և այլն)։ Էմինը գրել է նաև էսսեներ («Յոթ երգ Հայաստանի մասին», 1974, 2-րդ լրացուցիչ հրատարակություն՝ 1981, վավերագրական կինոնկար՝ 1967, սցենարը՝ Էմինի, Անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Պրոմեթևս-69»), հոդվածներ, արձակ ստեղծագործություններ («Մաշտոցից մինչև մեր օրերը», 1984 (մտորումներ հայ գրականության մասին), «Հավերժի ճամփորդը», 1985 (բանաստեղծություններ և արձակ էջեր): Երևանի փորձարար, թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։ Էմինը թարգմանել է Ա. Բլոկի, Վ. Մայակովսկու, Ս. Եսենինի, Բ. Պաստեռնակի, Մ. Ցվետաևայի, Մ. Ռիլսկու, Ն. Հիքմեթի, Է. Ռեմարկի ստեղծագործություններից («Գիրք թարգմանությանց», 1984, ժողովածու)։
Գևորգ Էմինը մահացել է 1998 թվականի հուլիսի 12-ին Երևանում և թաղված է Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Հովակիմյան Վ. Կ., Գևորգ Էմին, Երևան, 1986թ.։
Գևորգ Էմին։ Կենսամատենագիտություն, Երևան, 1982թ.։
Ստեղծագործություններ
Երկերի ժողովածու, հատոր, 1-2, Երևան, 1975-1977թթ.։
Երկեր, հատոր 1-3, Երևան, 1985-1986թթ.։
Հավերժի ճամփորդը (էսսեներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ֆրանսերեն), Երևան, 1987թ.։
Ելք Եգիպտոսից, Երևան, 1990թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am