ԳԱԼՖԱՅԱՆ Ամբրոսիոս, Լուսինյան Գվիդոն, ծնվել է 1826 թվականի օգոստոսի 24-ին Կ. Պոլիսում: Բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան: Խ. Գալֆայանի եղբայրը: Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում, 1847-ին ձեռնադրվել է վարդապետ: Դասավանդել է Փարիզի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Գժտվելով միաբանության հետ՝ հրաժարվել է կաթոլիկությունից և ընդունել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը: Գ. Այվազովսկու հետ հիմնել է «Մասյաց աղավնի» (1855-58) հանդեսը: Կազմել է զրուցարաններ, բառարաններ («Առաջնորդ անգղիարէն և հայերէն զրուցատրութեան», 1855, «Առաջնորդ գաղղիարէն և հայերէն զրուցատրութեան», 1855, «Զրուցատրութիւն ի տաճիկ լեզուէ ի հայ», 1864, «Բառգիրք հայ-գաղղիարէն եւ գաղղիարէն-հայերէն, 1861, 5 հրտ., 1973, «Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ», հատոր 1-2, 1900-03), գրել թվաբանության, հայկ, գեղագրության, պատմության դասագրքեր («Համառօտ պատմութիւն հին և նոր ազգաց», հատոր 1-5, 1849-51, «Նոր ընթերցարան», 1861, «Պատմութիւն Աստուածաշունչ սուրբ գրոց Հին կտակարանի», 1897): Մահացել է 1906 թվականին Փարիզում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am