ԳԱՐԱԳԱՇՅԱՆ Անտոն (Մատաթիա) Գրիգորի. ծնվել է 1818 փետրվարի 11-ին Կ. Պոլիսում: Պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան: Ուսանել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, ապա՝ Վիեննայի համալսարանում: 1836-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ, 1840-ից՝ քահանա: 1856-ին հրաժարվել է ծառայել կրոնին և առաջինը հայ իրականության մեջ իրեն հայտարարել մատերիալիստ: Փիլիսոփայության պատմությունը դիտել է որպես մատերիալիզմի և իդեալիզմի պայքարի պատմություն, տրամաբանությունը՝ իբրև գիտություն (հայտնաբերում է օբյեկտիվ օրենքներ) և արվեստ (այդ օրենքներից ելնելով՝ մշակում Է գործն, կանոններ): Քննադատելով կրոնի հասարակական դերը՝ միաժամանակ հաշտ վերաբերմունք է դրսևորել Հայ եկեղեցու նկատմամբ:

Գարագաշյանը հայ քննական պատմագրության հիմնադիրն է: Պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց...» (1845) և «Քննական պատմութիւն Հայոց» (մաս 1-4, 1880-95) աշխատություններում: «Քննական պատմութիւն Հայոցը» ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը (484) ընկած ժամանակաշրջանը: Թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը», մերժել հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետները, ցույց տվել, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են: Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա, անտեսել է ժողովրդի գործուն մասնակցությունը 5-րդ դարի ազատագրական պատերազմներին:

Դեռևս Հ. Գաթըրճյանի և Ղ. Հովնանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատության մեջ Գարագաշյանը գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների: «Նկարագիր ուսմանց»-ում անդրադարձել է նաև առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին: Գրել է աշխարհագրության, հայերեն քերականության դասագրքեր, կազմել ընթերցարաններ, թարգմանել Լաֆոնտենի առակները: Մահացել է 1903 թվականի նոյեմբերի 19-ին Կ. Պոլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արուեստ ճարտարախօսութեան, Վնն., 1844: 

Սկզբունք տրամաբանութեան, ԿՊ, 1864: 

Համառօտ պատմութիւն փիլիսոփայութեան, ԿՊ, 1868: 

Համառօտ փիլիսոփայութիւն, ԿՊ, 1868: 

Աշխարհաբար քերականութիւն կամ քերականութիւն արդի հայերենի, 3 հրտ., ԿՊ, 1891:

Գրկ. Ակինյան Ն., Գարագաշյան Մատաթիա, «ՀԱ», 1932, № 1-2: Շաքարյան Հ., Ա.Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Ե., 1962:

Թեվոսյան Ա.Մ., Ա Մ. Գարագաշյանի փիլիսոփայական և տրամաբանական հայացքները, Ե., 1962:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am