ԳԱԹԸՐՃՅԱՆ Հովսեփ. ծնվել է 1820 թվականի փետրվարի 19-ին Կ. Պոլիսում: Պատմաբան, աստվածաբան, թարգմանիչ, լեզվաբան: Մխիթարյան միաբանության անդամ (1838), քահանա (1841): Ուսանել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում (1828-33) Վիեննայի Մխիթարյան դպրոցում (1833-38): 1861-ից՝ Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանի վերատեսուչ: Հեղինակ է «Տիեզերական պատմութիւն...» (հ. 1-2, 1849-52), «Հիմնական տարբերութիւն կաթողիկե եւ Էջմիածնական դաւանութեանց...» (1864), «Հանգանակ հաւատոյ...» (1891) աշխատությունների, թարգմանել է Քսենոփոնի, Կիկերոնի և այլ անտիկ հեղինակների երկերից: Ա. Գ. Գարագաշյանի և Ղ. Հովնանյանի հետ Գաթըրճյանի կատարած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) թարգմանության մեջ կյանքի է կոչել դասական հայերենը՝ մաքրված օտարաբանություններից, ոչ հարազատ ձևերից ու բառերից: Ըստ Գաթըրճյանի՝ հայերենը ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ նախաքրիստեական («Պատմութիւն մատենագրութեան հայոց», 1851) և հետքրիստոնեական, որոնք իրենց հերթին ունեցել են մի քանի փուլեր: Նա հայերենը համարել է հնդեվրոպական նախալեզվի հնդ-իրանական լեզվախմբի իրանական մի ճյուղ: Մահացել է 1882 թվականի սեպտեմբերի 9-ին Կ. Պոլիսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Ակինյան Ն., Դասական հայերէնն եւ վիեննական Մխիթարեան դպրոցը, Վնն., 1932:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am