ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻ (Տեր-Հովհւսննիսյան), ծնվել է 1737 թվականին Կ. Պոլիսում: Բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ: Տիրապետել է մոտ 10 լեզվի: Արժեքավոր է նրա պարսկ-հայերեն բառարանը (հրտ.՝ 1826), որը բացի բառի բացատրությունից, ամփոփ տեղեկություններ է տալիս նաև իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժողովրդական սովորույթների ու բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին: Բառարանի վերջում տրված է հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, դրանց ծագումը, փոխառության աղբյուրը: Զբաղվել է պատմությամբ («Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին...», անտիպ): Ընդօրինակել է Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները, 13-րդ դարի գրական հուշարձան «Գիրք վաստակոցը», Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը»: Կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին եւ պատուական ականց...», հրտ.՝ 1807), հունարենից («Հայելի գրոցն Հոմերոսի...», 1783, անտիպ): Գ. Դ. Պ. առաջին հայ հոմերոսագետն է. «Իլիականի» հայերեն թարգմանության նախաբանում քննում է Հոմերոսին ու նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր: Նրա որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան, Փարիզի Նուպարյան, Երևանի մատենադարաններում: Մահացել է 1812 թվականին Կ. Պոլիսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am