ՂԱՓԱՆՑՅԱՆ Գրիգոր Այվազի. ծնվել է 1889 թվականի դեկտեմբերի 29-ին Աշտարակում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1942): Ա. Գ. Ղափանցյանի հայրը: Ավարտել ե Ս. Պետերբուրգի համալսարանի արլևելագիտական ֆակուլտետը (1913): 1921-ից՝ ԵՊՀ դասախոս, 1950-56-ին՝ ՀԽԱՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն: Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, հնագիտությանը, փոքրասիական մի շարք մեռած լեզուների սեպագիր արձանագրություններին, հայերի էթնիկ, կապերին: Լույս են տեսել «Լեզվաբանական դիսցիպլինա և լեզու» (1914), «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև» (ռուսերեն, 1936), «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» (ռուս., 1940), «Խեթական աստվածները հայերի մոտ» (ռուսերեն, 1940), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (1944), «Հայասան-հայերի բնօրրան» (ռուսերեն, 1947), «Հայերենի խուռիտերեն բառերը» (1951, ռուսերեն) աշխատությունները: Ղափանցյանը քննել է հայերենի առնչությունը կովկասյան լեզուների հետ («Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», 1952, ռուս.), անդրադարձել հայերենի և վրացերենի աղերսներին: Զբաղվել է նաև բարբառագիտությամբ: Մահացել է  1957 թվականի մարտի 3-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե., 1944: 

Հայոց լեզվի պատմություն, հատոր 7, Ե., 1961: 

Историко- лингвистические работы, тom 1 -2, Е., 1956 - 75.

Գրկ. Գրիգոր Այվազի Ղափանցյան, Ե., 1959 (Նյութեր հայ գիտնականների կենսագրության և բիբլիոգրաֆիայի համար):

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am