ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ (Ալիշանյան Քերովբե Պետրոս Մարգարի, ծնվել է  1820 թվականի հուլիսի 6(18) Կ. Պոլիսում: Պատմաբան, բանաստեղծ, բանասեր, աշխարհագրագետ, թարգմանիչ: 1838-ից՝ Վենետիկի Սխիթարյան միաբանության անդամ: Կրթվել է ծննդավայրի Վ. Չալըխյան վարժարանում (1830-32), ապա՝ Վենետիկի Սխիթարյանների դպրոցում (1832-41): Դասավանդել է Վենետիկի Ռափայելյան (1841-50), Փարիզի Մուրատյան (1859-61, 1848-ից տեսուչ) վարժարաններում: 1849-51-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը: Ալիշանը գրական ասպարեզ է իշել որպես բանաստեղծ, նրա ստեղծագործությունը դարձել է ազգային-ազատագրական ձգտումների արձագանքն ու արտացոլումը:

Հրատարակել է «Հրազդան», «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Մասիսու սարերն», «Պլպուլն Ավարայրի», «Վերշին երգ վիրաւոր բամբռահարին» բանաստեղծություններն ու պոեմները, «Յուշիկք հայրենեաց հայոց» (հատոր 1-2, 1869-70) պատմագեղագիտական արձակը: Ալիշանը երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիր Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար դպիր»):

Ալիշանը եղել է հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից («Հայոց Երգք ռամկականք», 1852, տրված են հայերեն բնագրերն ու անգլերեն թարգմանությունը): Իր լավագույն գործերով նա հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրը հայ գրականության մեջ: «Քաղաքական աշխարհագրութիւն...» (1853) ծավալուն աշխատությունում ներկայացնել աշխարհի քաղաքական աշխարհագրությունը XIX դ. կեսերին, արժեքավոր տեղեկություններ հաղորդել ժողովուրդների պատմության, մշակութային կյանքի, բարքերի ու սովորույթների մասին՝ ընդգրկելով նան հայաբնակ գաղթավայրերը. «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ Մեծ Հայքի գավառների ու բնակավայրերի պատմաաշխարհագր. բնութագրություններն են: «Նշմարք հայկականք»-ում (1870) անդրադարձել է Հայաստանի տեղանուններին, պատմական իրադարձություններին, նյութ, մշակույթի հուշարձաններին: Պատմաաշխարհագրական բնույթի կոթողային երկեր են «Սիսուանը» (1885), «Այրարատը» (1890), «Սիսականը» (1893), «Շիրակը» (1881): Ներսես Շնորհալու գործունեությանը, նրա հարուստ ժառանգությանն ու ժամանակաշրջանին նվիրված է «Շնորհալի և պարագա իւր» Երկը (1873): «Հայ- Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» մենագրությունում (1895) բնութագրել է հայկական բնաշխարհի շուրջ 3400 տեսակ բույսեր ու ծաղկատեսակներ, անդրադարձել դրանց մասին ժողովրդական զրույցներին, բուժական հատկություններին: «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածությունները, պաշտամունքները, հավատալիքները: Ալիշանը թողել է նան բազմաթիվ չտպագրված աշխատություններ: Մեծ է նրա ներդրումը «Գիրք վաստակոցի» (1877), մի շարք պատմագիրների՝ Վարդան Մեծ Արևելցու (1862), Կիրակոս Գանձակեցու (1865), Լաբուբնայի (1868), Խոսրով Անձևացու (1869), Սմբատ Սպարապետի (1876) երկերի, «Սոփերք հայկականք» (հատոր 1-22, 1853-61) մատենաշարի հրապարակման գործում: Թարգմանել է Ջ. Միլտոնի, Ջ. Բայրոնի, Ֆ. Շիլլերի, Հ. Լոնգֆելլոյի գործերից:

Ֆրանսաիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1866), Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի (1894) և Ս. Պետերբուրգի (1896) Հնագիտական ընկերությունների, Վենետիկի (1896) և Ենայի փիլիսոփայական (1897) ակադեմիաների պատվավոր անդամ: 

Մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9(22) Վենետիկում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Երեմյան Ս., Կենսագրութիւն Հ. Ալիշանի, Վնտ., 1902: 

Սարինյան Ս., Հայկական ռոմանտիզմ,, Ե. 1966: 

Շտիկյան Ս., Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը, Ե. 1967:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am