ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ, Ղուկաս Նուրիջանյան. ծնվել է 1650-ական թվականների սկզբին Վանանդ գյուղում (Գողթն գավառ): Մատենագիր, փիլիսոփա, թարգմանիչ, գրահրատարակիչ, մշակութային գործիչ: 1679-82-ին ուսանել է Հռոմի Ուրբանյան վարժարանում: 1690-ին Ամստերդամում Մատթեոս Վանանդեցու հետ կազմակերպել է հայկական տպարանի աշխատանքները: 1706-ին Թովմաս Վանանդեցու հետ մեկնել է Անգլիա՝ տպարանի համար նյութական միջոցներ հայթայթելու: 1707-ին Օքսֆորդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի գիտական աստիճան: 1708-17-ին եղել է Ամստերդամի տպարանի տնօրենը: Լույս է ընծայել «Համառօտ քերականութիւն...» (1711), Շարակնոց (1712), Սաղմոսարան (1713, 1714), Պարզատումար (1714), «Կարճառօտ ժամագիրք» (1717): Վանանդեցին հեղինակ Է փիլիսոփայական, կրոնական, աշխարհագրական, երկերի, դասագրքերի: Տպագրել է «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), որ հայկական առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացոյցի» ուղեցույցն է, «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց...» (1698) տոմարագիտական աշխատությունը, «Գանձ. Չափոյ՝ Կշռոյ՝ Թուոյ եւ Դրամից բոլոր աշխարհի» (1699)՝ վաճառականների համար, «Դուռն իմաստութեան» կամ «Ոսկեայ դուռն դպրատան» (1699) դասագիրքը, «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (1702) (այս երկուսի համահեղինակն է Մատթեոս Վանանդեցին) և այլն: Թարգմանական գործերից է «Տօգնադիմի աստուածաբանական բարոյական եւ քաղաքական իրողու-թեանց սահմանք» ժողովածուն (1704), գրել է նաև բանաստեղծություններ: Վանանդեցու մոտ հայերենի դասեր է առել գերմանացի արևելագետ-հայագետ Յոհան Շրյոդերը: Բյուրականի աստղադիտարանում է պահվում Ղուկաս Վանանդեցու պատրաստած աստղագիտական աստրոլաբ գործիքը:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Ձարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վնտ., 1895:
Լեո, Հայկական տպագրութիւն, հատոր 1, Թ., 1904:
Սարուխան Ա., Հոլլանդան և հայերը ԺՁ-ԺԹ դարերում, Վնն., 1926:
Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմությունից, Ե., 1985:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am