ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, Գրիգոր Մագիստրոս Բջնեցի (մոտ 990-1058, թաղվել է Դարոյնք գավառում), փիլիսոփա, մանկավարժ, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ: Սպարապետ Վասակ Պահլավունու որդին: Կրթությունն ստացել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կ. Պոլսում: Հորեղբոր՝ Վահրամ Պահլավունու և նրա կուսակիցների հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: 1045-ին մասնակցել է Կ. Պոլսում Կոստանդին կայսեր հետ Գագիկ Բ-ի վարած բանակցություններին: Կանխազգալով հայկական թագավորության անկումը՝ իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային, փոխարենը կալվածքներ ստացել Հարավային Հայաստանում և Միջագետքում: Բյուզանդական կայսրը նրան շնորհել է մագիստրոսի տիտղոս, 1048-ին նշանակել Հարավային Հայաստանի և Սիջագետքի կուսակալ: Ծավալել է եկեղեցաշինական գործունեություն (Բջնիի Ս. Աստվածածինը, Կեչառիսի Ա. Գրիգոր Լուսավորիչը, Հավուց թառի Ս. Ամենափրկիչը և այլն): Ճնշել է Թոնդրակյան շարժումը:
Հայ փիլիսոփայական մտքի զարգացման շուրջ երկու հարյուրամյա դադարից հետո նա վերակենդանացրել է աշխարհիկ փիլիսոփայությունը և գիտական միտքը, հայ աշխարհիկ փիլիսոփայության զարգացման նոր ուղի բացել: Նա հրապուրվել է Պլատոնի և Դավիթ Անհաղթի գաղափարներով: Զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը՝ նա հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը: Ըստ նրա՝ ճանաչողության առաջին և անհրաժեշտ աստիճանը զգայական ընկալումն է, որին գիտությունների համակարգում համապատասխանում են ճշգրիտ գիտությունները: Սակայն էականն ու որոշիչը բանական ճանաչողությունն է, որը, հենվելով զգայական ընկալումների վրա, ստուգում է իրի և մտքի համապատասխանությունը. վերացական, փորձից առաջ և անկախ ստեղծված գաղափարները ոչ թե վերագրվում են իրական աշխարհին, այլ քննության են ենթարկվում և միայն «ըմբռնվելով» կարող են համարվել ստուգապես ճանաչված գոյեր: Բանական ճանաչողությունը նախապատրաստում է մարդկային միտքը գերագույն գոյի ճանաչման համար: Նա ընդունել է Աստծու գոյության տիեզերաբանական ապացույցը, բնության, որպես Աստծու ստեղծագործության, ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը:
Նամակներում ուշագրավ մտքեր կան նաև կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության և այլնի վերաբերյալ:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին հայտնի է նաև որպես տաղասաց և շարականագիր, նրա հոգևոր երգերը եկեղեցին կանոնացրել է և ներմուծել Շարակնոց:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Տաղասացութիւնք Գրիգորի Մագիստրոսի Պահլավունւոյ, Վենետիկ, 1868:
Գրկ. Մենեվիշյան Գ., Գրիգոր Մագիստրոսի «Գամագտականի» ամբողջական լուծումը, Վնն., 1912:
Չալոյան Վ., Հայոց փիլիսոփայոլթյան պատմություն, Ե., 1975:
Խաչերյան Լ., Գրիգոր Պահլաւունի Մագիստրոս (985-1058 թթ). Կեանքն ու գործունեութիւնը, Լոս Անջելես, 1987:
Մխիթարյան Մ, Գրիգոր Մագիստրոսի կյանքը և գեղարվեստական ժառանգությունը, Ե., 2001:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am