ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ [940-ական թթ. 2-րդ կես, հավանաբար գյուղ Նարեկ (Ռշտունյաց գավառ) - 1003], բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, մանկավարժ: Խոսրով Անձևացու որդին: Դաստիարակվել ու կրթություն է ստացել Նարեկավանքի դպրոցում, Անանիա Նարեկացու հսկողությամբ, որ մոր հորեղբայրն էր: Գրիգոր Նարեկացու գործունեությունը կապվում է նույն վանքի հետ, որտեղ վարդապետ է եղել մինչև իր կյանքի վերջը: Մենաստանի տարածքում նրա հիշատակին կանգնեցվել է մատուռ, որի մեջ ամփոփվել է նրա աճյունը:
Գրիգոր Նարեկացու տաղերում («Մեղեդի ծննդեան», «Տաղ վարդավառի», «Տաղ քաղցրիկ», «Տաղ ազնիւ») աշխարհիկ ընկալմամբ պատկերել է իրական կնոջ գեղեցկությունը, երկրային հմայքները, փառաբանել բնությունը:
Նարեկացու բանաստեղծ, հանճարն ամենակատարյալ արտահայտությունն է գտել «Մատեան ողբերգության» քնարական-փիլիսոփայական պոեմում, որը հայտնի է «Նարեկ» անունով: Մեծածավալ երկը (95 գլուխ, ավելի քան 10000 տող) չունի պատմող, սյուժեի տարրեր, բայց ունի սկիզբ և ավարտ, ներքին զարգացման կուռ միասնություն ու ամբողջականություն: Գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադրման իրարամերժ գաղափարների ու ապրումների բախումով: Բախման կենտրոնում բանաստեղծն է,որը սեփական մեղքերը քավելով և ինքնակատարելագործման ճանապարհով ձգտում է հասնել ու միանալ աստվածային էությանը: Պոեմում Նարեկացին չի ձգտում ո՛չ բանականությամբ, ոչ զգացողությամբ և ո՛չ էլ կրոնական դավանաբանության հեղինակությամբ ապացուցել Աստծու գոյությունը, ճանաչել նրա էությունը: Նրա համար Աստված անառարկելի ճշմարտություն է, և նա չի պահանջում ոչ մի ապացույց:
Գրիգոր Նարեկացին խոսում է մարդ անհատի մասին և խորությամբ պատկերում նրա ներաշխարհը: Անհատն իր ամեն կարգի մարդկային մեղքերի «մեղավոր աշխարհով» հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը:
Պոեմը հորինված է յամբ-անապեստյան ազատ տաղաչափությամբ և հանգի մասնակի օգտագործումով:
Ինչպես «Մատեան ողբերգութեան» պոեմում, այնպես էլ տաղերում Նարեկացին օգտվել է հայ բանահյուսությունից, բանահյուսական տաղաչափական ձևերից ու ընդհանրապես ժողովրդական խոսքի տարրերից, իսկ բազմազան նմանաձայնությունների (բաղաձայնույթ, առձայնույթ) միջոցով հասել է երաժշտականության: Նարեկացու գեղարվեստական մտածողությունը բնութագրվում է որպես բանական-զգացմունքային և իր մեջ միավորում է ծավալայնությունն ու արտահայտչական ոճը: Այդ մտածողությունն իր ազդեցությունն է թողել հետագա շրջանի, հատկապես XII-XIII դդ. (Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի), ինչպես և XX դարի 1-ին կեսի (Մ. Մեծարենց, Սիամանթո, Ե. Չարենց) հայ բանաստեղծության վրա:
Նարեկացու բարդ և հակասական աշխարհայացքի հիմքում Աստծու՝ որպես բարձրագույն սուբստանցի մասին քրիստոնեական ուսմունքն է: Մարդկության պատմությունը նա պատկերել է ըստ Աստվածաշնչի՝ աշխարհի արարումից մինչև վերջին դատաստանը: Նրա խորհրդապաշտությունը սերտորեն միահյուսված է նորպլատոնականության հետ. տեսանելին իմաստավորվում է անտեսանելիով և՝ ընդհակառակը:
Գրիգոր Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայմիջնադարյան մասնագիտացված երգարվեստին: Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին ութձայնի դրությանը՝ կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը: Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական
կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ՝ շարականները) հարստացել են ժողովրդական-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, «Սովետական գրող», Երևան, 1979թ.:
Սարգսյան Մ., Գրիգոր Նարեկացի, <<Արևիկ>> հրատ., Երևան, 1989:
Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700:
Սրբոյ հորն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840:
Մատյան ողբերգության (գրաբարից թրգմ՝ Վ. Գևորգյան), Ե., 1970:
Տաղեր և գանձեր (աշխատասիր.՝ Ա. Քյոշկերյանի), Ե., 1981:
Մատեան ողբերգութեան (աշխատասիր.՝ Պ. Խաչատրյանի, Ա. Ղազինյանի), Ե.. 1985:
Գրկ. Ավետիքյան Գ, Նարեկ աղօթից համառօտ եւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ..., Վնտ., 1827:
Մկրյան Մ, Գրիգոր Նարեկացի, Ե., 1955:
Աբեղյան Մ, Երկ., հ. 3, Ե., 1968:
Չոպանյան Ա., Գրիգոր Նարեկացի, Երկ., Ե., 1968:
Թահմիզյան Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը V-XV դդ, Ե., 1985:
Դավթյան Հ., Լալայան Է., Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը, Ե., 1986:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am