ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Արտենյան) Հակոբ Պողոսի ծնվել է 1888 թվականի դեկտեմբերի 11(23)-ին Ալաշկերտի գավառի Խաստուր գյուղում: Փիլիսոփա, երաժշտագետ, մանկավարժ, գրականագետ, լեզվաբան: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1919): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1901-10, աշակերտել է Կոմիտասին), Բեռլինի, Լայպցիգի, Ցյուրիխի համալսարաններում (1912-19): 1910-12-ին աշխատել է Թավրիզի հայկական դպրոցում: 1927-40- ին դասավանդել է ԵՊՀ-ում, 1928-32-ին (միաժամանակ)՝ ՀՊՄԻ-ում: 1935-37-ին՝ Արմֆանի արվեստի բաժնի վարիչ:

Հեղինակ է «Կանտի իմացաբանությունը» (1910-11, Էջմիածնի «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծությունը» (1919, գերմ.), «Մկրտիչ Պեշիկթաշլյան» (1912, «Արարատ»), «Լեզվի մասին» (1934), «Մանյակ» (ժողովրդական երգերի ժողովածու, 1958) աշխատությունների, թարգմանել է Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին» գիրքը (1939), Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին (1946) և այլն: Անհիմն բռնադատվել է (1941), մահացել դեռևս չպարզված հանգամանքներում 1943 թվականին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Սահակյան Ս., Հակոբ Հարությունյան, Ե., 1985: 

Ղուկասյան Վ., Հակոբ Հարությունյան, Ե., 1999:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am