ՀՈՎԱՍԱՓ ՍԵԲԱՍՏԱՑԻ, ծննդյան և մահվան թվականները անհայտ են: 16-րդ դարի տաղասաց, մանրանկարիչ, վարքագիր- վկայագիր, խմբագիր, գրիչ: Ստեղծագործել է Սեբաստիայում: Եղել է սարկավագ: Սեբաստացին նոր աստիճանի է բարձրացրել հայ միջնադարյան քնարերգությունը: Նրա երկերում 15-րդ դարի 40-50- ական թթ. Հայաստանի վիճակն է՝ ավեր, կոտորած, աղետ («Վասն մեղացք մեր մահացու»): Հայրենասիրական ոգով են գրված «Տեսիլ տեառն մեծին Ներսէսի» և Մուշեղ Մամիկոնյանին նվիրված չափածո երկերը: Գիտական հետաքրքրություն են ներկայացնում Սեբաստացու տոմարագիտական երկերը, միջնադարյան հայրեն-կաֆաների ավանդույթով ստեղծված «Կաֆայ վասն աղէկ մանկանն Գրիգորի» (1548) բանաստեղծությունը և «Աշխարհիս սահմանն է հանց» 160-տողանոց կաֆայաշարքը: Ուշագրավ են «Վասն Կոկճայ Նահատակին Սեբաստիոյ» (1536) և «Վասն լինելութեան արարածոց» (1548) պատմական բովանդակությամբ քերթվածքները:
Հովասափ Սեբաստացին հայրենների անդրանիկ բանահավաքներից է: Զբաղվել է թարգման-խմբագրական գործունեությամբ և պատմաժամանակագրությամբ նյութերի հավաքմամբ: Կրոնական երկի բանաստեղծական մշակման ինքնատիպ փորձ է «Երինէ կոյսի վկայութիւնը», որը հարստացրել է բազմաթիվ ինքնագիր կաֆաներով: 1535-ին ստեղծել է մի բարձրարժեք ձեռագիր (Բեռլինի Ազգային գրադարան, ձեռ. № 805), որտեղ, ի թիվս «Աղուանից գիր» և այլ գրվածքների, ընդօրինակել, խմբագրել և պատկերազարդել է Աղեքսանդրի (Մակեդոնացի) պատմությունը՝ թողնելով չափածո հիշատակարան, որը բանաստեղծի մասին ամենավաղ տեղեկությունն է: Նկարազարդել է իր գրական երկերն ու ընդօրինակած գրչագրերը:
Մեզ են հասել Սեբաստացու ինքնագիր Հայսմավուրքը, չափածո հիշատակարանները (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 172, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք, ձեռ. 1455, Մատենադարան, ձեռ. № 3425 և այլն):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Բանաստեղծություններ, աշխատասիր.՝ Վ. Պ. Գևորգյանի, Ե., 1964:
Գրկ. Հովսեփյան Գ., Հովասափ Սեբաստացի, «Արարատ», 1948, էջ 245-248:
Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ, Ե., 1975:
Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ, աշխատասիր ՝ Հ. Սիմոնյանի, Ե., 1989:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am