ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ, Ծործորեցի, ծնվել է մոտ 1270-ական թվականներին Մեծ Հայքի Եկեղյաց գավառում, հավանաբար՝ Երզնկայում: Փիլիսոփա, մեկնիչ, քերական, բանասեր, եկեղեցական: Գործել է Գլաձորի համալսարանում, եղել Եսայի Նչեցու գործընկերը: Հետագայում տեղափոխվել է Արտազ՝ Ծործորի վանք: Գրել է մեկնություններ, քարոզներ, թղթեր, բանաստեղծություններ, ընդօրինակել իմաստասիրական երկեր: Նպաստել է Հայաստանում կաթոլիկության տարածմանը:

Կրել է Թովմա Աքվինացու ազդեցությունը (1321-ին թարգմանել է վերջինիս «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» երկը), որը մասամբ արտահայտվել է գիտության և հավատի սահմանազատման, գիտությունը հավատին ենթարկելու նրա փորձի մեջ:

Առանձնացրել է իմացության տեսական (նպատակը ճշմարտության հանգելն է) և գործնական (նպատակն այն ի կատար ածելն է) մակարդակներ: Հոգին համարել է բնության մաս. իսկ մարդուն՝ հոգու և մարմնի ներդաշնակ ամբողջություն:

«Համառօտ տեսութիւն քերականի» աշխատության մեջ նա տվել է քերականական, գրական, գրականագիտտական հասկացությունների սահմանումներ, կատարել նախորդ թարգմանությունների որոշ ճշգրտումներ (համեմատել է հայերեն և լատիներեն բնօրինակների հետ), իմաստասիրական, լեզվական ստուգաբանություններ: Հետևել է Ներսես Շնորհալուն, քննել և շարունակել Մատթեոսի Ավետարանի՝ նրա կատարած մեկնաբանությունը: Երզնկացու ձեռագրերը պահվում են Մատենադարանում («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հատոր 1-2, 1965-70):

Մահացել է 1338-ին, ենթադրվում է, որ շիրիմը գտնվում է Հաղպատի վանքում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ներսես Շնորհալի, Հովհաննես Երզնկացի (Ծործորեցի), Մեկնութիւն սուրբ Աւետարանին …, ԿՊ, 1825:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am