ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի ծնվել է 1864 թվականի ապրիլի 14(26)-ին Վաղարշապատում: Բանաստեղծ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել ՄՊՀ լեզվագրական ֆակուլտետը (1888)։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Բաքվի կոմունայի օրերին եղել է Բաքվի լուսբաժնի (1918), ապա՝ Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչը, 1922-ին աշխատել է ՀԽՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում։ Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1887-ին։ Հովհաննիսյանը արևելահայ բանաստեղծական նոր դպրոցի հիմնադիրն է, որի ներկայացուցիչները դարձան Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը։ Հովհաննիսյանի քնարական բանաստեղծությունների թեման սերն է, հայրենիքը, բնությունը։ Սիրային բանաստեղծություններն աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», «Կուզեի լինել կարկաչուն վտակ»)։ Նրա հայրենասիրական պոեզիան պատկերում է հայ ժողովրդի կրած տառապանքները, հատկանշվում հերոսականությամբ ու լավատեսությամբ («Տեսե՞լ ես արդյոք բլուրները», «Մայրս», «Տղմուտ», «Նոր գարուն», «Սարն ի վեր», «Երկու ճանապարհ», «Մնաք բարով, արև, գարուն»)։ Հայ պոեզիայում առաջինն է ճշմարտացիությամբ նկարագրել գյուղ, կյանքը՝ իր ներքին հակասություններով («Գյուղի ժամը», «Հատիկ»)։ Հովհաննիսյանը «Սյունյաց իշխանը» պոեմում նորովի է մեկնաբանել հայոց պատմության, մասնավորապես Վասակ Սյունու դերի հետ կապված որոշ հարցեր։ Հովհաննիսյանը անհաշտ է եղել չարի հանդեպ («Արտավազդ», «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը»)։ Հովհաննիսյանի քնարերգության որոշ նմուշներ առնչվում են «Ալագյազ բարձր սարին»)։ Հովհաննիսյանի բյուրեղային պարզության է հասցրել հայ նոր պոեզիան, հարստացրել հայ գրակական լեզուն։ Հովհաննիսյանը բնագրից թարգմանել է Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հայնեի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց ստեղծագործություններից։ Մահացել է 1929 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ղանալանյան Հ., Հովհաննես Հովհաննիսյան, Երևան, 1946թ.։
Ասմարյան Լ., Հովհաննես Հովհաննիսյան, Երևան, 1963թ.։
Մուրադյան Ն., Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Երևան, 1964թ.։
Ստեղծագործություններ
Երկերի ժողովածու, հատոր 1-4, 1964-1968թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am