ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հրաչյա Կարապետի ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 8-ին, Շահաբ գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։ Դ. Հովհաննեսի հայրը։ Սովորել է ԵՊՀ-ում (1938– 1941)։ 1955-59-ին և 1978-82-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, 1959-75-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1982-86-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր, 1988-90-ին՝ ՀԳՄ վարչության նախագահ։ Հովհաննիսյանի քնարական բանաստեղծությունների («Իմ կյանքի երգը», 1948, «Հրաշալի այգեպան», 1956, «Ծովի լռությունը», 1964, «Վայրի վարդ», 1968, «Սուրը դափնու վրա», 1970, «Հայրական երգ», 1977, «Իրիկնային ղողանջ», 1982 (ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ՝ 1982), «Դաժան դրախտավայր», 1993 (ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ՝ 1994), «Մենության օրեր», 1996, ժողովածուներ) հիմնական թեման սերն է, բնությունը,  հայրենիքը, ժողովրդի ճակատագիրը, պատերազմը։

Գրել է նաև հրապարակախոսական հոդվածներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր, հուշագրություններ («Մոտիկն ու հեռուն», 1967, «Ժամանակի շունչը», 1976, «Մշտադալար ծառը», 1985, «Անկախության պերճանքն ու խեղճությունը», 1994, «Հուշերի երեկո», 1996)։ Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է գրավում «Ոսկե ամպ» (1984), «Պատերազմի դեմքը» (1986), «Կապույտ լեռան շուքը» (1995) եռագրությունը։ ՀՀ պետական մրցանակ (1979)։ Մահացել է 1997 թվականի, նոյեմբերի 11-ին Երևանում: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Ստեղծագործություններ

Երկերի ժողովածու, հատոր 1-2, Երևան, 1988-1989թ.։ 

Ընտիր երկեր, հատոր 1, Երևան, 1989թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am