ԻՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք Սահակի. ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին  Ալեքսանդրապոլում: Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Ա. Վ. Իսահակյանի պապը: 1889-93-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին՝ Լայպցիգի, 1897- ին՝ Ցյուրիխի համալսարանների ազատ ունկնդիր: 1895-ին անդամագրվելով ՀՀԴ-ին՝ ծավալել է գաղափարաքարոզչական ընդհատակյա գործունեություն: Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու մեղադրանքով 1896-ին բանտարկվել է Երևանում, 1898-ին աքսորվել Օդեսա, 1908-ին բանտարկվել երկրորդ անգամ: 1911-ին, որպես քաղաքական վտարանդի, մեկնել է Կ. Պոլիս, այնուհետև՝ Եվրոպա: 1936-ին վերջնականապես հաստատվել է հայրենիքում:

1897-ին լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների առաջին՝ «Երգեր ու վերքեր» ժողովածուն: Այս և հետագա ժողովածուներում («Բանաստեղծություններ», 1903, «Հայրենի աղբյուրից», 1920, «Ալագյազի մանիներ», 1945) քնարական շնչով ու փիլիսոփայական խոհականությամբ գերիշխում են սերն ու կարոտը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «էս ճամփեն ոլոր-մոլոր»), մայրական սիրո թեման («Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ»): Սերն իր բազմազան դրսևորումներով Իսահակյանի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանների բանաստեղծությունների հիմնական թեմաներից է: Գրել է հայրենասիրական-ազատասիրական բանաստեղծություններ և պոեմներ, որոնք «Հայդուկի երգեր» խորագրով և Հայ-գուսան ստորագրությամբ տպագրվել են «Դրոշակ» (Ժնև) ամսաթերթում: Իսահակյանի ստեղծագործություններում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվել են դարաշրջանի բարդ ու հակասական երևույթներին: Բանաստեղծը ցավով է վերապրել հայ ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: Իր ժողովրդի լինելիությունը հաստատելու, ամրապնդելու համար որոնել է սոցիալական ու քաղաքական հենարաններ: Բարձրարժեք քնարերգության ու հայրեներգության հետ միաժամանակ գրել է մաքառման ըմբոստացման բանաստեղծություններ («Իմ սիրտն այնտեղ է», «Անհուն վրեժի ևԱվետիք Իսահակյանը Վիկտոր Համբարձումյանի, Մարտիրոս Սարյանի և Դերենիկ Դեմիրճյանի հետ: ատելության», 1908), փիլիսոփա-խոհական պոեմներ («Աբու-լալա Մահարի», 1909-11): «Աբու-լալա Մահարի» պոեմում ներհունորեն բախվում և հարաբերվում են ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները: Սակայն պոեմի հերոսի ապրումների հակասականությունը, դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, այլ հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ՝ աշխարհապաշտությամբ: Նրա որոնող ոգին մղվում է դեպի «կախարդող հեռուները»: Իսահակյանի ողջ ստեղծագործությունը ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային  աշխարհընկալման, վարքի ու արժանապատվության կնիքով: Այդ ոգով են տոգորված լեգենդները, հեքիաթները («Շիդհարը», 1907, «Յաւերժական սէրը», 1919, «Լիլիթ», 1921), արձակ էջերը («Համբերանքի չիբուխը», 1928, «Ուստա Կարո»): Գրել է նաև հրապարակախոսական հոդվածներ, հուշեր: Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 
 
Իսահակյանի բանաստեղծություններով գրված երգերի զգալի մասը ժողովրդականացել են: Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում, Գյումրիում: Իսահակյանի անունով կոչվել են փողոցներ՝ Երևանում, Գյումրիում, Մոսկվայում և այլուր, դպրոցներ, գրադարաններ՝ ՀՀ տարբեր վայրերում:

1980-ին ՀԳՄ սահմանվել է Իսահակյանի անվան ամենամյա մրցանակ: ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր (1947-57): ԽՍՀՄ Պետական մրցանակ (1946):

 Տե´ս Ավետիք Իսահակյան (տեսադարան)

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ասատրյան Ա., Ավետիք հսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940թ.:

Առաքելյան Վ., Ավետիք Իսահակյսւնի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները, Երևան, 1954թ.:

Ղանալանյան Ա., Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները, Երևան, 1955թ.:

Իսահակյան Ա.Վ., Ավետիք Իսահակյանի արձակը, Երևան, 1975թ.:

Մկրյան Մ., Իսահակյանի հումանիզմը, Երևան, 1975թ.:

Ինճիկյան Ա.Մ., Ավետիք Իսահակյան (1875-1975):

Կենսամատենագիտական ցանկ, մաս 1-2, Երևան, 1976-1977թ.:

Մուշեղյան Ա., Ավետիք Իսահակյան. վաղ տարիներ, Երևան, 1983թ.:

Ստեղծագործություններ

Իսահակյան Ավ., Երկեր, «Սովետական գրող», Երևան, 1987թ.:

Իսահակյան Ավ., Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2, «Գիտություն» հրատ., Երևան, 2011թ.:

Երգեր ու վերքեր, Ալեքսանդրապոլ, 1897 (կազմի վրա՝ 1898)թ.:

Ընտիր երկեր, հատոր 1-2, 1939-1940թ.:

Երկերի ժողովածու, 1958-1959թ.:

Երկերի ժողովածու, հատոր 1-6, Երևան, 1973-1979թ.:

Հիշատակարան, Երևան, 1977թ.:

Հայդուկի երգեր, Երևան, 1990թ.:

Ուստա Կարո, Երևան, 2000թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am