ՋԻԴԱՐՅԱՆ Արշավիր Սարգսի ծնվել է 1906 թվականի ապրիլի 5-ին Ջախարովկա գյուղում (այժմ՝ գյուղ Ամտկել՝ Աբխազիայի Գուլրիպշիի շրջանում):  Գրող, հասարակական գործիչ: Վրաստանի ԽՍՀ և Աբխազիայի ԻԽՍՀ վաստակավոր ուսուցիչ: Հայրենական պատերազմի (1941-45) մասնակից: Ավարտել է Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտը (1930): 1932-39-ին՝ Սուխումի հայկական մանկավարժական ուսումնարանի տնօրեն: 1945-54-ին ապրել է Երևանում, աշխատել Է ՀԽԱՀ նախարարությունում, տարբեր բուհերում: 1954-67-ին՝ Սուխումի հայկական դպրոցի տնօրեն: Աբխազիայում կազմակերպել է հայկական թատերախմբեր, բեմադրել նաև իր պիեսներից, 1954-ից ղեկավարել է «Համշեն» հայկական գրական միավորումը: Հեղինակ է «Արևածագ» (1934), «Ծովի շունչը» (1959) բանաստեղծությունների և պիեսների ժողովածուների, «Ինչպես տեսել եմ» (1968), «Սրտի ջերմությունը» (աբխազերեն, 1977), «Ինչ պատահեց» (ռուսերեն, 1992) պատմվածքների, «Ինչ եմ ես փնտրում» (1996, ռուսերեն), «Հիացմունք ու թախիծ» (1999) բանաստեղծությունների ժողովածուների:

Աբխազիայի ԳԽ պատգմավոր (1956-60): Մահացել է 1989 թվականի օգոստոսի 11-ին Սուխումիում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am