ՋՐԲԱՇՅԱՆ Էդվարդ Մկրտչի. ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ՝ 1974-ից): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1970): Մ. Մ. Ջրբաշյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1950): 1950-ից դասախոսել է ԵՊՀ-ում, 1953-54-ին՝ «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1961-62-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի, 1967-77-ին՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1966-70-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնի վարիչ. 1977-99-ին՝ տնօրեն, 1972-78-ին՝ ԵՊՀ գրականության տեսության և գեղագիտության ամբիոնի վարիչ:

Աշխատությունները վերաբերում են գրականության տեսության ընդհանուր խնդիրներին, հայկական տաղաչափությանը, հայ նոր բանաստեղծության ձևավորման և զարգացման պատմությանն ու տեսությանը: Ջրբաշյանը համակողմանիորեն ուսումնասիրել է Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, նորովի մեկնաբանել նրա երկերի ազգային ակունքների և ստեղծագործ, պատմության հարցերը («Թումանյանի պոեմները», 1964, «Թումանյանի բալլադները», 1969, «Թումանյանի պոեզիան», ռուսերեն, 1969): Անդրադարձել է արևելահայ և արևմտահայ գրական հոսանքների գեղագիտական և գաղափարական դրսևորումներին: Գրել է աշխատություններ՝ նվիրված Մ. Նալբանդյանի, Ղ. Ալիշանի, Գ. Սունդուկյանի, Ա. Իսահակյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի, Ռ. Սևակի, Ե. Չարենցի և Ա. Բակունցի կյանքին ու ստեղծագործությանը: Անդրադարձել է նաև ռուսական և արևմտաեվրոպական գրականությունների հետ հայ գրականության առնչություններին:

Ջրբաշյանը մահացել է 1999 թվականի օգոստոսի 10-ին Երևանում: 

Գրականության ցանկ

Ջրբաշյան Է., Գրականագիտության ներածություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2011 թ.:

Թումանյան Հ., Բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, լեգենդներ ու պոեմներ, «Լույս»  հրատ., Երևան, 1986թ.:

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ռուբեն Սևակ, Ե., 1965: 

Աշխարհայացք Ա վարպետություն, Ե., 1967:

 Պոետիկայի հարցեր, Ե., 1976: 

Միսաք Մեծարենց, 2 վերամշկ. հրտ., Ե., 1977: 

Գրականության տեսություն, 5 վերամշկ. և լրց. հրտ., Ե., 1980: 

Գեղագիտություն և գրականություն, Ե., 1983: 

Միքայել Նալբանդյանը և արդիականությունը, Ե., 1984: 

Գրողը և ժողովուրդը, Ե., 1989: 

Գրականագիտություն: Տեսական դասընթաց, Ե., 1993: 

Վահան Տերյանի տաղաչափական համակարգը, Ե., 1995: 

Պուշկինը և հայ բանաստեղծները. Ե., 1999:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am