ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Տիգրան Խաչատուրի (1866, Կ. Պոլիս - 4.1.1941, քաղաք Վիշի (Ֆրանսիա)), գրող, արևմտահայ իրապաշտական գրականության դպրոցի հիմնադիրներից։ Ավարտել է Կ. Պոլսի Արամյան երկսեռ վարժարանը (1884)։ Տպագրվել է Կ. Պոլսի «Լույս», «Գիտական շարժում», «Արևելք», «Սասիս» պարբերականներում՝ Օվքիտե, Ասեղ, Նետ, Փյունիկ, Հայկակ և այլ ծածկանուններով։ 1888-ին լույս է տեսել Կամսարականի «Վարժապետին աղջիկը»՝ արևմտահայ գրականության առաջին իրապաշտական վեպը։ «Հարո», «Հովկուլը» և «Ընկուզին կողովը» («Մասիս», 1892) նորավեպերում գեղարվեստական ընդհանրացման ուժով Կամսարականը բացահայտել է մարդու օտարման հասարակական-քաղաքական և հոգեբանական արմատները, ուրվագծել դրանց հաղթահարման ուղիները։ 1895-ին Կամսարականը տեղափոխվել է Եգիպտոս, «Դյուցազնական», «Անհրաժեշտ անցագիրը» և այլ քրոնիկներին զուգահեռ ստեղծել «Գողացված հաճույքը», «Ածուխի տեղ», «Վիրավոր փառքը» նորավեպերը և այլն։ 1910-ին Ս.Ս. Կյուրճյանի հետ գրել է «Փրկանք» դրաման, որը բեմադրվել է Եգիպտոսում, Կ. Պոլսում, Բաքվում, Փարիզում։ Կամսարականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրական-գեղագիտական հարցերի նկատմամբ։ Գրական դիմանկարներում և հոդվածներում հանդես է եկել իրապաշտության և ժողովրդականության կրքոտ պաշտպանությամբ։ 1919-ից ապրել է Փարիզում։ 1924-ին Կամսարականը երկու հազար անգլիական ոսկի է հանձնել ՀԽՍՀ Կառավարությանը՝ ամենամյա գրական մրցանակաբաշխության համար։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. (Նովելներ), տես Հայ գրողներ, գիրք 2, Թ., 1910։ Երկ., Ե., 1984։

Գրկ. Մարգարյան Հ., Տիգրան Կամսարական, Ե., 1964։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am